Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան
Միջադեպը հարթված է, բայց եթե ձեր ասածն այն է, որ կարելի է մեզ վիրավորել, ու մենք պետք է նույնիսկ երբ մեզ վիրավորում են, շարունակենք մնալ բարեկիրթ, ո՛չ, մենք չենք շարունակելու մնալ բարեկիրթ, երբ որ մեզ վիրավորեն։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք չի՞ բացառում, որ հնարավոր է՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկած բարեկրթության օրակարգից շեղվել, ինչպես 8-րդ գումարման խորհրդարանում եղավ, և խոսքն անցնի ձեռքի ուժին։
«Եթե ձեր ասածն այն է, որ մենք պետք է շարունակենք մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ հարվածում են, ես ասում եմ՝ մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք, մեր նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք, կստանան շատ ավելի շատ անհարգալից վերաբերմունք։ Ինձ թվում է՝ շատ պարզ կանոն է, որը պահելը չափազանց հեշտ է, որի պայմանները առավել քան հստակ են»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ պատգամավորները նախօրեին փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի ևս մեկ տեղակալ են ընտրել: Հարցի քննարկումը թեժ է անցել, պատգամավորները հաճախ շեղվել են օրակարգից, նույնիսկ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել:



