կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեր մտքերի փոխանակումները կրկին եղել են անկեղծ, ազնիվ և առարկայական․ Շառլ Միշելի ամբողջական հայտարարությունը

Մեր մտքերի փոխանակումները կրկին եղել են անկեղծ, ազնիվ և առարկայական․ Շառլ Միշելի ամբողջական հայտարարությունը

Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը Բրյուսելում: Ստորև ներկայացնում ենք Շառլ Միշելի ամբողջական հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվել է. «Քիչ առաջ ավարտել ենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ վեցերորդ հանդիպումը։ Մեր մտքերի փոխանակումները կրկին եղել են անկեղծ, ազնիվ և առարկայական:

Մեր հանդիպումը վերջինն էր Բրյուսելում, Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և երկկողմ սահմանին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, փոխվարչապետների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ինտենսիվ և արդյունավետ բարձր մակարդակի հանդիպումների շարքից:

Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը։

Ես առաջնորդներին ողջունել եմ  խաղաղության գործընթացին իրենց հստակ հանձնառության համար և հորդորել հետայսու խիզախ քայլեր ձեռնարկել՝ կարգավորման ճանապարհին վճռական և անշրջելի առաջընթաց ապահովելու համար։

Եվ թեև մեր հանդիպումը տեղի է ունեցել «տեղում» լարվածության աճի մտահոգիչ պայմաններում, ես ընդգծել եմ քաղաքական քննարկումներում և ջանքերում կարևոր այս պահը։ Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը։

Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Դա հիմնվում է այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29.800 քկմ, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86.600 քկմ։

Սահմանազատում

Երկու ղեկավարներն էլ վերահաստատել են իրենց միանշանակ հանձնառությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

Ես ողջունել եմ հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն առաջ են շարժվել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ: Շատ կարևոր է նկատել, որ առաջնոդները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։

Փոխկապակցում

Փոխկապակցման հարցում, կողմերը ևս հստակ առաջընթաց են գրանցել վերջին երկու ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում:

 

Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները:

Պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը։ ԵՄ-ը պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ ավելի են մոտենում, և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են:

Մարդասիրական խնդիրներ

Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված դրությունը։ Ներկա իրադրությունը ակնհայտորեն կայուն չէ և չի բխում ոչ մեկի շահերից: Քննարկեցինք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն նորմալ հունի մեջ վերադարձնել իրավիճակը:

Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումներ իրականացնել երկու կողմերից՝ բնակչության կարիքներն ապահովելու համար: Ես ողջունեցի նաև ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը:

Իրավունքներ և անվտանգություն

Տեղում գտնվող բնակչությունը կարիք ունի հավաստիացումների՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ: Այս համատեքստում ես հայտնեցի ԵՄ-ի հորդորը Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության ծավալման մասին։ Այս երկխոսությունը պետք է ապահովի շատ անհրաժեշտ վստահություն բոլոր ներգրավվածների համար:

Կալանավորներ 

 

Քննարկեցինք նաև կալանքի տակ գտնվող անձանց հարցը։

Առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը ջենթլմենյան փոխըմբռնմանն առ այն, որ անզգուշորեն մյուս կողմն անցած զինվորների ազատ արձակումը կարագացվի:

Ես կողմ եմ հանդես եկել, երկու կողմից էլ ազատ արձակվեն կալանքի տակ գտնվողները։

Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել։

 

Հետագա ընթացքը

Մենք պայմանավորվել ենք, որ մեր թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն այսօրվա քննարկվածի վերաբերյալ:

Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու համար։

Նաև վերահաստատել եմ մտադրությունՍ հրավիրելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին այս ամառվանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև հերթական հնգակողմ հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ Գրանադայում՝ Եվրոպական Քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում»:

  • Կիսվել: