Մեր ձեռքը լիներ, հենց էսօր էլ կդիմեինք Սահմանադրական դատարան. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ունի որոշում դիմել Սահմանադրական դատարան, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ հանրաքվե անցկացնելու մասին ՀՀ նախագահի ստորագրած հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ պատգամավորների 1/5-րդի կամ 27 պատգամավորի ստորագրություն:
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն բավարար քանակ դիմել Սահմանադրական դատարան. «Բարգավաճ Հայաստանն» ունի 26 պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 17: «Մեր ձեռքը լիներ, հենց էսօր էլ կդիմեինք ՍԴ: Մենք որոշում ունենք դիմել Սահմանադրական դատարան, բայց դրա համար անհրաժեշտ է բավարար քանակի ստորագրություն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ հստակ ոչ մի արձագանք չի տվել մեր նախաձեռնությանը», մեզ հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում դեռ հստակ որոշում չունեն և այդ մասին հայտարարություններում էլ ժուժկալ են:
«Առաջկա օրերին կունենանք քննարկում ու վերջնական որոշումը կհրապարակենք»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ վստահ պնդելով, որ հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական է: