Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ՝ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան
Հայաստանի մոտեցումը կոնկրետ հարցերին հստակ ձևակերպված է, օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ։ Այս մասին այսօր անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա օրինակ բերեց, որ Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը», որը տարածաշրջանում ապաշրջափակման տեսլականն է։ «Բացի այդ, բոլոր հարցերով՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ սահմանազատման, և՛ մնացած այլ հարցերով շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ»,-ասաց նա։
Հարցին, թե որքան են շարունակելու խաղաղություն խնդրել, երբ Ալիևը հակառակի մասին է խոսում՝ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին»։