Մենք հնչեցնում ենք միասնականության զանգը հանուն Արցախի եւ Հայաստանի․ Գեղամ Մանուկյան
Սարդարապատում 104 տարի առաջ մղվեց կենաց-մահու պայքար հանուն փրկության․ հիմա նորից եկել է պայքարի ժամանակ հանուն Արցախի եւ Հայաստանի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28, իր ուղերձում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Սուրբ վայրից՝ Սարդարապատի բարձունքից, դիմում ենք ձեզ եւ հայտարարում իրազեկման երթի մեկնարկը դեպի Երեւան։ Անցնող օրերի ընթացքում տարբեր խորհրդանշական վայրերից սկսվել են մեր քայլերթերը։ Սկսվեց Տավուշից, որը միշտ եղել է հերոսական, բայց, ցավոք, իշխանությունն այս շաբաթներին չի խորշում խոսել տարածքային զիջումների մասին, բզիկ-բզիկ անել սահմանային Տավուշը։ Երկրորդ վայրը Տիգրանաշենը, Երասխի բարձունքներն էին։ 2018 թվականին, երբ մեր հայրենակիցները դուրս էին եկել փողոց, երբ իշխանության եկավ Փաշինյան, նույն օրերին թշնամին Երասխի մոտակայքում թշնամին առաջխաղացում ունեցավ։ Նույնիսկ այդ օրերին դրա մասին բարձրաձայնելը համարվում էր դավաճանություն, բայց դավաճանությունը հիմա էլ է շարունակվում, երբ իշխանությունը խոսում է Երասխում հայելային հետաքաշման մասին»,- նշեց նա։
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ քայլերթի ընթացքում խումբն անցնելու է նաեւ Էջմիածնով։ «Էջմիածինը 1918 թվականին կաթողիկոսը չլքեց, եւ ամբողջ Արարատյան դաշտավայրում հնչեցին եկեղեցու զանգերը՝ իբրեւ կոչնակ։ Եվ այսօր էլ մենք այստեղից հնչեցնում ենք անվտանգության, միասնականության զանգը հանուն Արցախի եւ Հայաստանի»,- ասաց Մանուկյանը։
Պատգամավորը նշեց, որ բոլոր ուղղություններով դեպի Երեւան շարժվող երթերը մայիսի 1-ին կլինեն Երեւանում։
«Մենք կլինենք Երեւանում վճռական այն պայքարի համար, որը մեր երկրին բերելու է խաղաղություն։ Մենք չենք ամաչելու այլեւս հեռուստաէկրաններից տարբեր միջազգային հանդիպումներում տեսնելով կուչ եկած, վախեցած, երկու բառ իրար չկապող ղեկավար։ Հիմա մեզ նոր հաղթանակ է սպասվում․ երբ չի մնում ելք ու ճար չի լինում, խենթերն են գտնում հնար»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։