կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք չեզոք և բալանսավորված ենք եղել ԼՂ հարցի առնչությամբ, մինչև պարզվեց՝ ուշ է. ՔՊ պատգամավոր

Մենք չեզոք և բալանսավորված ենք եղել ԼՂ հարցի առնչությամբ, մինչև պարզվեց՝ ուշ է. ՔՊ պատգամավոր

Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության փարոսը: Խորհրդի առաքելությունն է պահպանել այս արժեքներն իր անդամ պետություններում՝ դրանով իսկ զգալիորեն նպաստելով հակամարտությունների կանխարգելմանը: Բայց արդյո՞ք մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Եվրոպայի խորհուրդը հաջողել է իր այս առաքելության հարցում: Տիրող խառնաշփոթը, խաղաղության բացակայությունը, Եվրոպայի խորհրդի տարածքում սանձազերծված պատերազմներն ինքնին ապացուցում են հակառակը: Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը ճգնաժամ է ապրում, քանզի մենք մոռացել ենք մեր համախմբման նախնական նպատակը, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում  ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: 

«Եվ ուրեմն ի՞նչ պետք է անի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար: Պատասխանը պարզ է: Եվրոպայի խորհուրդը պետք է խթանի, անհրաժեշտության դեպքում պարտադրի ժողովրդավարացման գործընթացներ իր անդամ երկրներում: Քանի որ հայտնի փաստ է, որ ժողովրդավարական պետությունները հակված չեն հակամարտություններ հրահրելուն: Եթե անդամ պետությունը հրաժարվի համապատասխանել ժողովրդավարական կանոններին, Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի, քննարկի վերջինիս հետագա անդամակցության հարցը:

Գործընկերնե՛ր, թույլ տվեք, այդուհանդերձ, վերաձեւակերպել հարցը: Ի՞նչ պետք է չանի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար:

Առաջին՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է փոխզիջման գնա ավտորիտար ռեժիմների, բռնապետների հետ: Բռնապետները չեն հասկանում փոխզիջման լեզուն: Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ:

Երկրորդ՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է լինի չեզոք եւ բալանսավորված: Այս վեհաժողովում ամենաշատը լսածս նախադասությունը հետեւյալն է. «Մենք պետք է լինենք չեզոք եւ բալանսավորված»:

Ո՛չ, հարգելի՛ գործընկերներ, չպետք է: Սա քաղաքական կազմակերպություն է, եւ մենք պետք է հստակ քաղաքական դիրքորոշում հայտնենք անդամ պետությունների կողմից մեր կանոնների աղաղակող խախտումների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ:

Մենք երկար ժամանակ չեզոք եւ բալանսավորված ենք եղել մեր որոշ գործընկերների նկատմամբ, մինչեւ պարզվեց՝ չափազանց ուշ է:

Մենք չեզոք եւ բալանսավորված ենք եղել Լեռնայի Ղարաբաղի հարցի առնչությամբ, մինչեւ պարզվեց՝ ուշ է: Եվ մենք չենք կարող չեզոք եւ բալանսավորված լինել Հայաստանին կամ այլ անդամ պետություններին առնչվող իրադարձությունների նկատմամբ, եւ մի օր ապագայում արձանագրենք, որ չափազանց ուշ է:

Խոսելով Հայաստանի մասին` հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվում էր հնգակողմ հանդիպում Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ: Նախատեսվում էր, որ հինգ առաջնորդները հայտարարություն կստորագրեն, որով Հայաստանը եւ Ադրբեջանը կճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, կպայմանավորվեին հայ-ադրբեջանական սահմանի` Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանազատում անելու, տարածաշրջանային կապուղիները երկրների ինքնիշխանության եւ իրավազորության, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին: Ադրբեջանի առաջնորդն ամենավերջին պահին հրաժարվեց մասնակցել այդ հանդիպմանը: Ավելին` երեկ նախագահ Ալիեւը Բիշքեքում մեղադրել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին արեւմտյան միջնորդությամբ ինչ-որ անհասկանալի հանդիպման մասնակցելու նպատակով 6 ժամ Գրանադա թռչելու համար: Ալիեւը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին, Ադրբեջանը երկար կմտածի արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններին մասնակցելուց առաջ: Կարծում եմ, որ այսօր մենք` որպես Եվրոպայի խորհուրդ, պետք է հարց տանք Ադրբեջանին` ինչո՞վ ձեռնտու չէ արեւմտյան հարթակը»,- նշել է նա:

  • Կիսվել: