Մենք չենք կարող մեր ծննդականը՝ Անկախության Հռչակագիրը վառել և Ալիևի ուզած Սահմանադրությունն ընդունել. Կարապետյան
Մեր Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է, կարելի՞ է հասնել 35 տարեկանի ու վառել այն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի պնդմանը, թե իրենք կհամոզեն ընդդիմադիր գործընկերներին, որ Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկեն։
«Մենք խաղաղության ջատագով ենք, բայց նաև համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր Սահմանադրությունը վառենք՝ Ալիևի բերած սահմանադրությունն անցկացնելու համար։
Մեկ շաբաթ առաջ անգամ Հաջիևն հայտարարեց, որ մեծ է հավանականությունը որ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվե լինի, դա իրենց բերած հանրաքվեն է, մեր երկրի համար դա սխալ ճանապարհ է, մենք չենք կարող մեր ծննդյան վկայականը վառել, չենք կարող ընդունել իրենց թելադրած սահմանադրությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ երբ դրա ժամանակը գա՝ երկար հասարակությանը բացատրելու են իրենց քայլերը, թե ինչպես են իրենք տեսնում խաղաղության հասնելու ճանապարհը։
«Մենք աշխատելու ենք խաղաղության կայացման համար, բայց մենք առաջարկելու ենք տարբերակներ, որը չի ստորադասի մեր երկրի շահերը և ստիպված չենք լինի Ալիևի սահմանադրությունն ընդունել»։


