երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մենք այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորությա՞ն աշտարակից, թե՞ ՀՀ աշտարակից, սրանում է հայեցակարգային մեր բանավեճը. Փաշինյան

Մենք այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորությա՞ն աշտարակից, թե՞ ՀՀ աշտարակից, սրանում է հայեցակարգային մեր բանավեճը. Փաշինյան

Ես ինձ միշտ հարց եմ տալիս՝ ինչո՞վ են ընդդիմադիրները սխալ, և ինչու՞ ՀՀ վարչապետը համաձայն չէ նրանց հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս համատեքստում այս երկու օրերի քննարկումը առարկայացրեց բանավեճը պատմական Հայաստանի ու իրական Հայաստանի հայեցակարգերի միջև։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատագամավորին, ով մեջբերեց ԱԱԾ ռազմավարության նախաբանում իմ խոսքը, որը որպես նախաբան տպագրված է, որտեղ ես ասում եմ՝ մեր անվտանգության հարցը քննելիս պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը:

Ես այս դահլիճում խոսել եմ հայրենասիրության մեր մոդելի մասին, պատմության մեր ընկալման մասին եւ այլն: Եվ այսօր էլ եմ ասում՝ մենք սերում ենք Կիլիկիայից, մենք սերում ենք Հայկական բարձրավանդակից, մենք սերում ենք Վանի թագավորությունից: Խնդիրը դա չէ, կամ ավելի ճիշտ՝ խնդիրը դա է, որովհետև մենք այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորությա՞ն աշտարակից, թե՞ Հայաստանի Հանրապետության աշտարակից, սրանում է հայեցակարգային մեր բանավեճը՛՛:

Ըստ Փաշինյանի՝ պետք է արձանագրել նաև պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը, և որ հենց այստեղ է իրական բանավեճը ծավալվում:

՛՛Ասում եք՝ ուրանում ենք մեր արժեքները: Մեր արժեքներից մեծագույնը մեր լեզուն է, և եթե ինձ որևէ մեկը հարցնի, թե ինչն է պատճառը, որ ձեր նշած թվարկածներից հետո շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ, ես կասեմ՝ իմ կարծիքով, որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային ամենակարևոր արժեքներից մեկին՝ հայոց լեզվին եւ ոչ միայն տառին, այլեւ հոգուն, ոգուն, էմոցիային, որով զգում եմ ՀՀ քաղաքացիների էմոցիաները՛՛,-ասաց վարչապետը։

  • Կիսվել: