Մեկնարկել է Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվում են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, և ևս 2 անձի վերաբերյալ քրեական գործով վկաները։
Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց. «Այս գործը վերաբերում է այն դրվագներին, ըստ որի՝ իբր թե Վարդան Ղուկասյանին մեղսագրվում են քաղաքապետ եղած նախկին ժամանակաշրջանում հողերի վաճառք, օտարումներ աճուրդի միջոցով»:
Նա նշեց, որ չնայած հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խմբի ղեկավարը կայացրել էր նոր որոշում, որով Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք, սակայն մինչ օրս՝ գրեթե 1 ամիս, Ղուկասյանին շարունակում են կալանքի տակ պահել։
Իսկ այս ընթացքում, ըստ փաստաբանի, Ղուկասյանի առողջական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:
Պաշտպանի խոսքով՝ այս բոլոր գործընթացները կապված են Ղուկասյանի անձի թիրախավորման հետ։
Խոսելով Ղուկասյանին մեղսագրվող նոր հոդվածների մասին՝ փաստաբանն ասաց. «Խոսքը վերաբերում է նրան, որ հարցազրույցների ընթացքում Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ արժի միանալ Միութենական պետությանը՝ շեշտելով՝ պահպանելով ՀՀ անկախությունը։ Նույն կերպ, ինչպես շատերը ցանկանում են, որ Հայաստանը միանա ԲՐԻԿՍ-ին, Եվրամիությանը»:


