ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեղրիի ճանապարհը մատուցվեց Ադրբեջանին․ Ռոբերտ Քոչարյան

Մեղրիի ճանապարհը մատուցվեց Ադրբեջանին․ Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանը տարիֆային քաղաքականությամբ կարող է այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելն ընդհանրապես անիմաստ լինի։ 47 կմ-ով որևէ հարց չես կարող լուծել, հատկապես դա քո վերահսկողության տակ չի գտնվում։ Այստեղ ևս մի կողմն ունի լծակ, ստացել է այն, ինչին ձգտել է, մենք ունենք հույս, որ սա կաշխատի, բայց չունենք լծակ՝ որևէ կերպ պրոցեսի վրա ազդելու վրա։ Այս մասին  yerevan.today-ին, politik.am-ին, hayeli.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ճանապարհի բացման հնարավոր հետևանքներին և իր մտահոգություններին։

Ըստ Քոչարյանի՝ նախկինում շրջափակումն օգնել է գյուղատնտեսությանը և վերամշակման արտադրությանը, իսկ հիմա մեր գյուղատնտեսությունն ու վերամշակումը մրցակից են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Ադրբեջանում էներգակիրներն ավելի էժան են՝ ունի նավթ, գազ, Թուրքիան ունի սուբսիդավորման ծրագրեր, և դա էապես հարվածելու է մեր գյուղատնտեսությանն ու վերամշակմանը։

«Պետք են լինելու կտրուկ քայլեր՝ մեր շուկան պաշտպանելու համար, բայց այս իշխանությունն ունակ չէ նման քայլերի։ Միջնաժամկետ առումով դա լինելու է խնդրահարույց։ Չի նշանակում, որ պետք չէ սահմանները բացել, փակ ճանապարհները նորմալ վիճակ չէ, բայց պետք է լինելու հստակ քայլեր՝ ներքին շուկան պաշտպանելու համար, պետք է փոխվի սուբսիդավորման քաղաքականությունը, հակառակ դեպքում մենք ուղղակի անմրցունակ ենք լինելու, հազարավոր ֆերմերային տնտեսություններ կարող են քայքայվել, հարյուրավոր բիզնեսներ անիմաստ են դառնալու»,-ասել է նա։

Քոչարյանը նաև պնդել է, թե Մեղրիի ճանապարհը ստանալու համար Ադրբեջանը պատրաստ էր զիջումների․

«Մեղրիի ճանապարհը իրենց համար այն հետաքրքրությունն էր, որի համար պատրաստ էին զիջումների։ Քի-Վեսթում միջանցքով Արցախը միացվում էր Հայաստանին, դրա դիմաց ընդամենը սուվերեն ճանապարհի հարց էր լուծվում Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Հիմա ամեն ինչ վերցրել են և այդ ճանապարհն են ստացել, դա իրենց երազանքն էր, դա մատուցվեց Ադրբեջանին․ ինչ ենք ստանում դիմացը, ես չգիտեմ»։

  • Կիսվել: