Ալիևն ինքն է ընդունում, որ «Զանգեզուրի միջանցք» գոյություն չունի․ Մարուքյան
Բազմաթիվ են դեպքերը, երբ Բաքուն պայմանավորվածություններ է ձեռք բերել հաղորդակցման ուղիների բացման վերաբերյալ, իսկ հետո սաբոտաժի է ենթարկել դրանք։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե «Երևանը տորպեդահարում է հաղորդակցման ուղիների, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։
«Այն «Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում է Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնական - խմբ.) գոյություն չունի, նույնիսկ Իլհամ Ալիևը (Ադրբեջանի նախագահ - խմբ.) ընդունում է, որ նոյեմբերի 9-ի տեքստում նման պայմանավորվածություն չի եղել. նրանք ներմուծել են այս արհեստական պատմույթը: «Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, ապա Հայաստանը, 30 տարի գտնվելով ապօրինի շրջափակման մեջ, շահագրգռված է դրանք բացել կողմերի իրավասության ներքո՝ ինքնիշխանության շրջանակներում, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է նա։