չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին. Օհանյան

Մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին. Օհանյան

Այսօր դատական նիստի ժամանակ պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանն ասաց, որ 2008 թ. մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին։

Հաստատելով փաստաբան Արամ Վարդեւանյանի խոսքը՝ նա վկայակոչեց գործի նյութերն այն մասին, որ ցուցարարներից շատերի մոտ զենք է եղել։

Օհանյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մեղադրանքի կարմիր գծով անցնում է 0038 հրամանը։ Գործի 79 հատորներում բանակի դերը ներկայացված է բացասական լույսի ներքո։

Ինչպես նախագահը նշեց՝ փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ քննարկվել են «Երկրապահ» միության գործընթացները, նաեւ քննարկվել է այն, որ ԱԱԾ տեղեկություններով փաստեր են գրանցվել, երբ զինվորականները, այդ թվում՝ բարձրաստիճան, քայլում են զինված խմբերով։

Նրանց թվում եղել են նաեւ զորամասերի հրամանատարներ, բայց 79 հատորներում սա ոչ մի տեղ չկա։

ԱԱԾ տեղեկություններով՝ հանրահավաքի մասնակիցների մոտ զենք է եղել, հատկապես պատերազմի նախկին մասնակիցների մոտ։ Այո, մենք ուժեղացրել ենք զորամասերը, որովհետեւ ամեն օր տեղեկություններ էինք ստանում զենք ձեռք բերելու համար զորամասերի եւ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին։ Սա նույնպես նյութերում չկա՛՛:

 

  • Կիսվել: