երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահապարտների շարքում ՔՊ-ականներ չկան, այսինքն՝ դասալիքներ չեն լինելու․ Աղվան Վարդանյան

Մահապարտների շարքում ՔՊ-ականներ չկան, այսինքն՝ դասալիքներ չեն լինելու․ Աղվան Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր այն միտքը, որ իշխող ուժին հեռացնելու համար պետք է ձեւավորվի քաղաքական մահապարտների թիմ։
 
«Ես իմ հայտնած մտքին տեր եմ։ Երաշխավորում եմ՝ այդ մարդկանց շարքում ՔՊ-ականներ չկան, այսինքն՝ դասալիքներ չեն լինելու։ Այդ մարդիկ պետք է լինեն վճռականորեն պատրաստ անձնազոհության, որ երկիրն այս չարիքից ազատենք։ Մենք պետք է պարտադրանքով ձեւավորենք հայկական ազգային մտածողությամբ առաջնորդվող էլիտա։ Քաղաքական ճանապարհով այդ մարդիկ պետք է ազատվեն այս իշխանությունից, եւ իրենց միջուկը պետք է լինի վաղվա իշխանությունը, որը կփորձի մեր երկիրն այս ավերակներից դուրս հանել»,- նշեց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ այդ մահապարտների շարքում կան քաղաքական գործիչներ, գործարարներ, հոգեւորականներ, մշակութային եւ ռազմական գործիչներ։ Նրա խոսքով՝ մահապարտներն այս պարագայում ոչ թե մահանալու էլ, այլ վճռականորեն պայքարելու հանուն նպատակի։

«Այդ մարդկանց ցանկը ես կազմում եմ, բոլորի հետ խոսում եմ, 200-ից ավելի գրանցված անուններ ունեմ։ Իմ անունը մոռացել եմ, բայց կավելացնեմ։ Չեմ բացառում, որ առանցքային 20-25 հոգու հեռ խոսելուց հետո կհրապարակեմ բոլորի անունները։ Այդ մարդիկ իրենք կորոշեն՝ պատրաստ են կրել այս պետական արժեքները, թե՝ ոչ»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ նրա հայտարարությանը պետք է արձագանքեն իրավապահ մարմինները, Վարդանյանն արձագանքեց․  «Աստված իրենց հետ։ Եթե այս իշխանության առաջին պաշտպաններն Էրդողանը եւ Ալիեւն են, կարող են նաեւ իրենց երկրների դատախազություններին դիմել իմ հարցով զբաղվելու համար»։

  • Կիսվել: