Մարդիկ անգրագետ «պողոսներ» էին, երբ հայտնվեց հանրաքվեի մշուշոտ հեռանկարը հիշեցին հպարտ քաղաքացիներին․ Պետրոսյան
Ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ անձնավորված պայքար է, մենք անձերի համար չենք պայքարում, մենք ինստիտուցիոնալ համակարգի համար ենք պայքարում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պագամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Երեկվա ԱԺ-ի բոլոր ելույթներն ուղղված էին Հրայր Թովմասյանի դեմ, իր ընտրվելու օրը Հրայր Թովմասյանին այդքան չներկայացրեցին, ինչքան երեկ: «Բարգավաճ Հայաստանը» Հրայր Թովմասյանին դեմ է քվեարկել, մեզ ուզում են կապեն սրա, նրա հետ, փորձում են լսել՝ շաղախված ենք սրա, նրա հետ, չկա նման բան, եթե մենք ինչ-որ մարդկանց հետ շաղախված լինեինք, ի՞նչն էր խանգարելու, որ ասեինք»,- ասաց Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում իշխանության ընդունած որոշմանը՝ սահմանադրական փոփոխությունների համար անցկացնել հանրաքվե:
Պետրոսյանն ընդգծեց, որ մյուս ՍԴ դատավորների մասին որևէ խոսք չի գնում.
«Մարդկանց 70, 80 տոկոսին չի հետաքրքրում՝ ով է ՍԴ նախագահը, նրանց խնդիրն այդ չէ, սահմանից մինչև Հանրապետության հրապարակ դժգոհություն է, ակցիաներ են, օրը մի հանրապետական նշանակության մայրուղի է արգելափակվում գյուղացիների կողմից, որովհետև այդ մարդիկ իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ: Այն ժամանակ, երբ արդեն ներքաղաքական վտանգի զգացում, ինտրիգային բաներ չկա, մոռանում են, որ հպարտ քաղաքացի է, կոչում են անգրագետ պողոսներ, հիմա, երբ հայտնվեց հանրաքվեի մշուշոտ հեռանկարը, արդեն հիշեցին հպարտ քաղաքացիներին»։