Մակրոնը Բայդենի և Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրադրությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայի շուրջ և ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ընդունել բոլոր արդյունավետ նախաձեռնությունները՝ մարտական գործողությունների դադարեցման համար։ Այդ հարցով նրանք սերտ կապ կպահպանեն»,-ասված է պալատի կայքում զետեղված հայտարարության մեջ։
Զելենսկին իր հերթին հայտնել է Մակրոնին Ուկրաինայում իրադրության մասին։ Ֆրանսիայի առաջնորդը լիարժեք աջակցություն է հայտնել Կիևին և տեղեկացրել օգնության մասին, որը համաձայնեցվել է Վերսալում անցկացված ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով։
«Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շարունակումը։ Նրանք կշարունակեն համակարգումն առաջիկա օրերին»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիա է սկսել փետրվարի 24-ին։