չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին՝ դա դիրքորոշում չէ, բարի ցանկություն է. Քոչարյան

Լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին՝ դա դիրքորոշում չէ, բարի ցանկություն է. Քոչարյան

Տավուշյան դեպքերից հետո Ադրբեջանում փոխվեց արտգործնախարարը՝ Մամեդյարովը։ Եվ Ադրբեջանը էապես կոշտացրել է իր դիրքորոշումը։ Այս մասին փորձագետների հետ ԼՂ թեմայով զրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշել է, որ առաջ է եկել մի այնպիսի իրավիճակ, որտեղ նույնիսկ կասկած է դրվում, որ արդյոք հնարավո՞ր է շարունակել  բանակցային գործընթացը եւ ի՛նչ հիմքի վրա։

Ինչ վերաբերում է բանակցությունների շարունակվելուն՝ Քոչարյանը նշել է, որ չի կարծում, թե դրանք չեն շարունակվի:

՛՛Հարցն այն է, թե արդյունավետ դառնալու են, թե չեն դառնալու, համենայն դեպս արդյունավետություն չեմ տեսնում։ Վերջին հայտարարությունը եղել է՝ այսպես կոչված սուբստանտիվ բանակցությունների մասին։ Ի վերջո դա այն է, ինչ միշտ պահանջում էր Ադրբեջանը։ Այստեղ ինչ-որ մտահոգության տեղ սա տալիս է, որովհետև սուբստանտիվը բովանդակային և տարածքների հարց է։

Զգայուն հարցեր, մեզ համար չափազանց դժվար ընկալելի հարցեր է մեզ համար ենթադրվում սուբստանտիվ բանակցությունների մեջ։ Ոչ մի կողմ չի ցանկանալու չմասնակցել բանակցություններին։ Նստելու են, բայց ես չեմ տեսնում, որ որևէ համաձայնության կգան։ Հիմա ինչ կարգի ճնշումներ են լինելու։ Ես դժվարանում եմ ասել, ֆորմատը այնպիսին չէ, որ էական ճնշումներ հնարավոր լինեն։

Ճնշումները կարող են լինել կողմնակի, որովհետև այս ֆորմատը, կողմնակի և այն մանդատը, որ Մինսկի խումբն ունի, ենթադրում է կողմերին համոզել, որ գնան հարցի վերջնական կարգավորման, այլ ոչ թե պարտադրել։ Բայց շատ դիվանագիտական արտահայտվեցիք Հայաստանի դիրքորոշման մասին, որովհետև ասացիք «լղոզ»։ Այս «լղոզն» էլ չեմ տեսնում, որտեղ է այդ «լղոզը»։ Չկա ընդհանրապես դիրքորոշում՛՛,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Խոսելով ԼՂ հարցում ՀՀ-ի դիրքորոշման մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ, ըստ էության, Հայաստանը չունի դիրքորոշում։ ՛՛Եվ բանաձևը՝ այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, դա դիրքորոշում չի, դա բարի ցանկություն է, ավելի շատ հնարք պրոպագանդիստական, որ ահա մենք առաջին անգամ ասացինք, որ բոլորի համար ընկալելի տարբերակ պետք է լինի։

Ինձ համար կրկնակի անհասկանալի է, երբ Ղարաբաղը ասում է, որ մենք և Հայաստանի մոտեցումները նույնանման են։ Հիմա Հայաստանում չկա մոտեցում, դիրքորոշում, չկա որևէ մոդել, որին հանրությունը տեղեկացված լինի։ Հիմա, եթե նույնանման են, ինչի՞ն են նույնանման, Հայաստանի չեղած դիրքորոշմա՞նը նույնանման, ուղղակի չեմ հասկանում։ Եվ սա վտանգավոր է։ Եթե դու չունես հստակ դիրքորոշում, հաջորդ առաջարկը քո օգտին չի լինելու, որովհետև միջնորդները շատ զգայուն են, և իրենք բանակցային գործընթացներում փորձում են հասկանալ, թե որ կողմը ինչ չափի, ինչ խորության զիջումների է պատրաստ գնալ, եթե իրենք քեզնից չեն լսում հստակ մոտեցումներ, իրենք համարում են, որ քո դիրքորոշումը շատ էլաստիկ է, և կարելի է այդ էլաստիկությունը հենց քո դեմ կիրառել։

Դա շատ բնական բան է և հենց առօրյայում, հենց առօրյայում այդպես է։ Չափազանց կարևոր է ունենալ հստակ դիրքորոշում, որ բոլորը հասկանան, որ այս գծից այն կողմ ձև չկա քեզ հետ պայմանավորվելու։ Թող ասեն՝ կամակոր է, թող ասեն՝ դժվար է հետը բանակցել, իմ մասին ասել են, գիտեմ։ Հիմա անձնական ինձ սիրել-չսիրելու հարցը չի, դու ազգային խնդիր ես լուծում, և եթե դու ավելի մտահոգված ես, թե քո մասին ինչ կմտածեն այս պահին կամ մյուս պահին, ուրեմն դու այն պաշտոնում չես հայտնվել և այն գործով չես զբաղված, և այն կարգավիճակը չունես, որը պետք է ունենաս՛՛,-նշել է նա։

Նա անդրադարձել է նաև այս ամենում Թուրքիայի գործոնի մասին՝ ասելով. ՛՛Թուրքիայի հանգամանքը ես համարում եմ, որ սա էլեմենտ է ոչ միայն Ղարաբաղի կարգավորման համար, այլ ընդհանուր անվտանգության հարց է։ Իմ տպավորությամբ Թուրքիայի այս զորավարժությունները, Թուրքիայի դիրքավորման կոշտացումը միշտ Ադրբեջանին պաշտպանել է, բայց այս աստիճանի պատրաստակամություն նաև այդ պատրաստակամության ցուցադրումը չի եղել։ Ինչ-որ չափով Թուրքիան փորձում է հակակշռել Ռուսաստանին։

Իմ տպավորությունը սա է։ Օրինակ, հնարավոր է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի միջամտությունը շատ ակտիվ էր, հիշում եք։ Պաշտպանության նախարարների զանգեր, ավելի շատ պաշտպանության նախարարության միջորդությամբ էլ զինադադարը կնքվել։ Հիմա Թուրքիան ուզում է դառնալ մի գործոն, որի հետ ստիպված են լինելու հաշվի նստել՛՛։

Ըստ Քոչարյանի՝ եթե վաղը-մյուս օրը սահմանային որևէ կոնֆլիկտ լինի, Ռուսաստանից ոչ միայն Ալիևի հետ պետք է խոսեն, այլ նաև Էրդողանի հետ։

՛՛Իմ կարծիքով՝ այն հակակշիռն է ստեղծվում այն քայլերով, որը Թուրքիան հիմա անում է՝ համաձայնեցված Ադրբեջանի հետ։ Հաջորդը լինելու է բանակցային գործընթացի ավելի ակտիվ մասնակցությունը։ Ադրբեջանը անընդմեջ ներկայացված, Թուրքիան այն գործոնն է լինելու, որին անընդմեջ պետք է զանգել, խոսալ, հաշվի նստել, վերջիվերջո պաշտպանության նախարարներն իրար հետ խոսեն Ռուսասստանի, հաշվի նստեն։

Ինչպես Սիրիայում, Թուրքիան՝ մտնելով Սիրիա։ Սիրիայում հաստատեց իր ներկայությունը, և պարզ է, որ Սիրիայում որևէ կարգավորում առանց Թուրքիայի հնարավոր չէ։ Նույնը փորձում են անել այստեղ։ Մենք դրանից շահելո՞ւ ենք, թե՞ կորցնելու ենք։ Իհարկե կորցնելու ենք։ Մենք պետք է ինչ-որ բան անենք՝ դեմն առնելու համար։ Ի՞նչ ենք անում, ոչինչ։ Նույնիսկ ես կարծում եմ, այն, ինչը ես ասում եմ, նույնիսկ վերլուծությունը չունեն, նույնիսկ սա չունեն։ Բայց պրոցեսը գնում է այս ուղությամբ՛՛։

Քոչարյանն ասել է նաև, որ Թուրքիան ցույց է տվել, որ շատ ավելի մեծ ինքնուրույնություն ունի, որ Փարիզից կամ Ամերիկայից Թուրքիայի վրա մատ թափ տալ այլևս չի ստացվում, և սա կատարվում է ընդհանուր, գլոբալ առաջնորդության ֆորմատների փոփոխության գգործընթացների մեջ։ ՛՛Թուրքիան մեծ ամբիցիաներ ունի, և այս տարածաշրջանի նկատմամբ միշտ աչք է ունեցել, ամբիցիա է ունեցել։ Եվ այսօր շատ պրակտիկ, համարձակ քայլերով, քայլ առ քայլ փորձում է իր ներկայությունը ֆիքսել, որ առանց իրենց՝ այստեղ որևէ լուրջ քայլ որևէ մեկը չանի՛՛,-հավելել է ՀՀ երկրորդ նախագահը:

 

  • Կիսվել: