շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լիոնում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

Լիոնում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

Հունիսի 29-ին և 30-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը, տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Հերթական այս համաժողովը կրում էր «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցություն․ աջակցություն տարածքների կայուն զարգացմանը» խորագիրը և համակազմակերպվել էր Լիոնի Մետրոպոլի, Լիոնի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) և Ֆրանսիայի միավորված քաղաքների (ՖՄՔ) կողմից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ։

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների ավելի քան 250 ներկայացուցիչներ։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշեց, որ ապակենտրոնացված համագործակցությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է և երկու երկրների համայնքների, իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն 4-րդ համաժողովի անցկացումը փաստում է այդ իրողությունը։

Դեսպան Տոլմաջյանն ընդգծեց նաև, որ համաժողովը շատ լավ հնարավորություն է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ոչ միայն արդեն իսկ հաստատված համագործակցություններն ամրապնդելու, այլ նաև նոր կապեր հաստատելու և հետագայում զարգացնելու համար։ Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լիոն մետրոպոլի նախագահ Բրյունո Բեռնարը, Ֆրանսիայի միավորված քաղաքներ կազմակերպության Հայաստան խմբի նախագահ Սոնիա Զդորովցոֆֆը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկու երկների համայնքների միջև հաստատված կապերին, համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի համայքների ներկայացուցիչները մասնակցեցին նաև «Խելացի քաղաքներ», «Գյուղատնտեսություն» և «Զբոսաշրջություն» խորագրերով աշխատաժողովների՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի մշակման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: