շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին. վարչապետ

«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» որոշում: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Ըստ փոխնախարարի՝ հուշագրով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։ «Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի, տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։ Հուշագրի շրջանակում ընկերությունը պարտավորվել է նաև ՀՀ կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության»,-ասել է Անի Իսպիրյանը՝ հավելելով, որ որոշմամբ առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը:

Ըստ փոխնախարարի՝ հուշագրի համաձայն ՀՀ-ն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի: Միաժամանակ, նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիրը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջին 6 տարվա ընթացքում անընդհատ առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, և եղել են բազմաթիվ մտահոգություններ: «Այն ժամանակ, երբ մենք այդ բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը: Նաև շատ ողջունելի է, որ ներդրողներն իրենք, թերևս այդ թվում՝ մի օրինակի հետևելով ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ կառավարության, մասնակցություն ունենա և բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ: Տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի 12.5 տոկոսը պետք է անցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին: Զեկուցողը նշեց, որ բացի օրենքով սահմանված վճարումներից, այդ թվում՝ Տեղական ինքնակառավարման մարմիններին, լրացուցիչ ամեն տարի մուտք է արվելու ազդակիր համայնքների բյուջե, այսինքն՝ ամեն տարի կվճարվի 7 մլն դոլար: Տվյալ դեպքում, ըստ էության, ազդակիր համայնքներն են Սիսիան խոշորացված, Ջերմուկ և Վայք համայնքները: Ես ուզում եմ, որ այս որոշումները շղթայի մեջ նայենք նաև: Մեր համայնքների նաև դոտացիաներն ենք ավելացրել: Նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք օրենսդրական փոփոխություններ արեցինք, որ հանքարդյունաբերության ոլորտից բյուջեի հավաքագրումներից որոշակի տոկոս վերադարձվում է համայնքներին: Եվ եթե սրան գումարվում են նաև սուբվենցիոն ծրագրերը, ապա այս շղթայով շատ մեծ զարկ ենք տալիս մեր համայնքների զարգացմանը: Եվ ուրախ ենք, որ մեր համայնքներն այդ կոնկրետ որոշումների արդյունքները տեսնում են:

Իսկ Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով, կարծում եմ՝ բազմաթիվ մտահոգություններ փարատում է: Այն նաև լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար: Եվ մենք հույս ունենք, որ իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ: Եվ, իհարկե, կառավարությունն արդեն որպես բաժնետեր, այս հարցում կլինի հետևողական»,-ասել է վարչապետը:

  • Կիսվել: