ԼՂ-ի հարցով զբաղվելու մենաշնորհ Արևմուտքը կամ Ռուսաստանը երբեք չեն ունեցել. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հարցով երբեք Արեւմուտքը կամ Ռուսաստանը զբաղվելու մենաշնորհ չեն ունեցել: Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե Ռուսաստանում ընկալում են, որ մենք գնացինք Արեւմուտք, փորձեցինք ԼՂ հարցի լուծումը Ռուսաստանի ձեռքից վերցնել եւ իրենց թշնամին հարթակում լուծումներ տալ:
«Այլ հարց, որ մասնավորապես, 2022-ի փետրվարից Մինսկի խմբի համանախագահությունում ճգնաժամ առաջացավ մի պարզ պատճառով, երբ նախկին գործընկերները ասացին, որ մենք չենք պատրաստվում իրար հետ շփվել, ոչ թե Հայաստանի, ԼՂ-ի կամ Ադրբեջանի, այլ Ուկրաինայի պատճառով: Այսինքն մենք ոչ մի նոր բան չենք արել: Որովհետեւ, ինչպես նախկինում ԼՂ հարցը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները մենք քննարկել ենք եւ Ռուսաստանում, եւ Արեւմուտքում: Այլ բան, որ այն ժամանակ նրանք իրար հետ շփվում էին, հիմա չեն շփվում: Հիմա նրանք մտածում են, որ մենք մյուս կողմի հետ պետք է ավելի քիչ շփվենք, բայց դա սխալ մոտեցում է Հայաստանի շահերի տեսանկյունից: Մենք չենք կարող մտնել այդ գոտի եւ ասել՝ ձեզ հետ խոսում ենք, ձեզ հետ չենք խոսում; Մեր հարաբերություններն իրենց հետ չեն փոխվել»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ միմյանց տրածքային ամբողջականությունը ճանաչում են՝ համապատասխանաբար Հայաստանի 29800 եւ Ադրբեջանի 86 600 քկմ տարածքում. «Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ դրանից հետո Ադրբեջանը կոշտացրեց իր դիրքորոշումը, հռետորաբանությունը, փակեց Լաչինի միջանցքը, արդյոք դա սխալ հայտարարություն չէր, Փաշինյանն արձագանքեց. «Մենք այդ հայտարարությամբ Հայաստանը փորձել է արձանագրել իրադրության ու ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին պայմանավորվածությունը, ինչ պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ Բրյուսելում: Մենք ցույց ենք տալիս, որ մենք հավատարիմ ենք այդ պայմանավորվածությանը: Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին: Այն ժամանակ էլ, երբ մենք այդ հայտարարությունը չէինք արել, Ադրբեջանը Փառուխում խախտեց շփման գիծը, դրանից առաջ խծաբերդում խախտեց շփման գիծը, դրանից առաջ եղավ սեպտեմբերի 13-ի պատերազմը: Մենք դրանից առաջ սխալ հայտարարություններն էինք արե՞լ: Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ Ադրբեջանը ի ցույց է դրել հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը, ու մենք փորձ ենք անում քաղաքական հայտարարություններով ինչ-որ կերպ կառավարել ուժային սցենարները, որը Ադրբեջանն անընդհատ դնում է սեղանին: Մենք ուզում ենք տեղավորվել այնպիսի ձևակերպումների մեջ, որ Հայաստանի դիրքորոշումների լեգիտմությունը լինի անխոցելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: