շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Կընդունե՞ն արդյոք նախագահի հրավերը. «Ժողովուրդ»

Կընդունե՞ն արդյոք նախագահի հրավերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում՝ առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով:

 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել հրավիրյալների տրամադրվածությունը, սակայն հիմնականում ուժերը նշում էին, թե կկարողանան այդ հարցին պատասխանել միայն քննարկումներից հետո: Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Խորհրդում կքննարկենք հարցը, որից հետո որոշում կկայացնենք եւ այդ մասին կհայտարարենք»:

Հայրենիքի փրկության շարժման մեջ ներգրավված ուժերի ներկայացուցիչները եւս կքննարկեն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը պարզել չհաջողվեց. նրա մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը տեւական ժամանակ է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ, ամենայն հավանականությամբ, բոլոր ուժերն էլ կգնան, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի քաղաքական դաշտում առկա ուժերին Նիկոլ Փաշինյանն արդեն ուղարկել է իր մտադրությունների մասին մեսիջներ, այն է` գարնան վերջ կամ ամառվա սկիզբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ու դա կլինի իր հրաժարականի գնով:

Նախագահի մոտ քննարկվող հիմնական թեման ընտրությունների մանրամասներն են լինելու: Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նահանջն էլ է դրանով պայմանավորված. նա հասել է Փաշինյանի հրաժարականին, մնում է դա պաշտոնապես ազդարարվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: