ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կուսակցությունների ֆինանսական գործունեությունը կվերահսկվի. նոր որոշում

Կուսակցությունների ֆինանսական գործունեությունը կվերահսկվի. նոր որոշում

2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերվում են կուսակցությունների ֆինանսավորման սկզբունքներին, կուսակցությունների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվություններին, դրանց աուդիտին, կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող հայտարարագրերին և այլ դրույթներին:

Ըստ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի լրամշակված կարգավորումներից բխող պահանջների՝ Հայաստանում գրանցված և գործող քաղաքական կուսակցություններն այսուհետ իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Սույն գործընթացն առավել համակարգված կազմակերպելու նպատակով Հանձնաժողովի և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախաձեռնությամբ մի շարք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել էր առցանց քննարկում, որի ընթացքում նախանշվեցին առաջիկա անելիքները և պայմանավորվածություն ձեռք բերվեց նման քննարկումները դարձնել պարբերական:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններից բխող պահանջները և դրանց առանձնահատկությունները:

Որպես բանախոսներ հանդես եկան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն ներկայացուցիչ Աղասի Եսայանը և IFES-ի փորձագետ Հասմիկ Սարդարյանը:

  • Կիսվել: