չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կսպասենք հաստատման․ ԲՀԿ-ն «Դոսյե» հետաքննության բովանդակության վերաբերյալ որոշ վերապահումներ ունի

Կսպասենք հաստատման․ ԲՀԿ-ն «Դոսյե» հետաքննության բովանդակության վերաբերյալ որոշ վերապահումներ ունի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում հավաստիության առումով որոշ վերապահումներ ունեն Հայաստանի վերաբերյալ «Դոսյե Կենտրոնի» վերջին հրապարակման բովանդակութայն առնչությամբ։

«Հարցը ահավոր նուրբ է ու զգայուն։ Մենք պետք է անպայման հրապարակված տեղեկության վերաբերյալ հաստատումներ ստանանք, քանի որ այդ կենտրոնը և կայքը, որտեղ հրապարակվել է հետաքննությունը, ռուս ընդդիմադիր Խոդորկովսկուն է պատկանում։ Հաշվի առնելով նրա ընդդիմադիր կեցվածքը և դիրքորոշումները, պետք է այդ տեղեկությունները հաստատվեն, որից հետո մենք կարող ենք անդրադառնալ դրան», - InfoPort.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Իսկ հրապարակված հետաքննության հաստատումը, ըստ Աբովյանի, կարող է լինել բոլոր հնարավոր աղբյուրներից՝ պետական, ոչ պետական։ «Շատ կարևոր է, որ տեղեկությունը լինի հավաստի, որովհետև մենք գիտենք, որ տեղեկատվական պատերազմներ են հիմա գնում և այդ պարագայում ցանկացած ինֆորմացիա պետք է վերստուգել», - ասաց Աբովյանը՝ այդուհանդերձ շոկային համարելով այն, որ Հայաստանի մասին տեղեկություն է տարածվում ոչ հայկական աղբյուրներով։

Դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը ևս նշվել էր «Դոսյե Կենտրոնի» կատարած հետաքննության մեջ, Աբովյանը արձագանքեց․ «Կարող եմ ասել մի բան, որ յուրաքանչյուր տեղեկություն կամ անուններ, որ շեշտվում են, շատ «հարմար» ժամանակին են հայտնվում տեղեկատվական հարթակներում»։

Փորձեցիքն հստակեցնել՝ այսինքն միտումնավո՞ր է այս փուլում Ծառուկյանի մասին նման ինֆորմացիա տարածվում, Աբովյանը պատասխանեց․

«Եկեք էսպես անենք՝ ես առայժմ մեկնաբանություններից զերծ կմնամ շատ պարզ պատճառով՝ եկեք, տեսնենք, թե ինչ հաստատումներ կլինեն»։

Հիշեցնենք՝ ռուս վտարանդի գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե-Կենտրոնը հետաքննություն էր իրականացրել՝ ուսումնասիրեով՝ տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր: Ըստ աղբյուրի, Հայաստանում Վ․ Չերնովի գլխավորած ՌԴ ԱԱԾ-ն «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց է գործի դրել Հայաստանում՝ և՛ ակնհայտ, և՛ շատ ընդհատակյա:

«Նրանք արմատներ են գցել համարյա բոլոր պետական կառույցներում` կառավարությունում, խորհրդարանում, հատուկ ծառայություններում, Արտաքին գործերի նախարարությունում», - նշվում է զեկույցում։

Աղբյուրը ՀՀ ԱԱԾ-ն համարել է ռուսականի՝ Լյուբյանկայի մասնաճյուղ և որպես դրա ղեկավարները հիշատակում Գեորգի Կուտոյանին, Արթուր Վանեցյանին։ Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը, ըստ «Դոսյեի», եղել է Չերնովի քարտուղարությունում: Թե երբ և ինչ նպատակով է Ծառուկյանի անձնագրի պատճենը հայտնվել ու պահվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի թղթապանակում, հետաքննությունը չի մանրամասնում, բայց փաստում է, որ նա ժամանակին աջակցել էր Փաշինյանին, իսկ հիմա դարձել է նրա գլխավոր ընդդիմախոսն ու հրաժարականն է պահանջում:

Այսօր արդեն ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը լրագրողներին հայտարարել է, որ հետաքննության մեջ նշված փաստերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: