կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կփոխհատուցվի ևս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձը. գործադիրը հաստատեց նախագիծը

Կփոխհատուցվի ևս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձը. գործադիրը հաստատեց նախագիծը

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառման շրջանակում ուսվարձի փոխհատուցում տրամադրվել է 4213 ուսանողի. բուհերի 3954 և միջին մասնագիտական ուսհաստատությունների 259 ուսանողի: Հատկացված միջոցները կազմել են 895.4 միլիոն դրամ: Այդ մասին Կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: 

Կառավարությունը հաստատեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում կատարելու նախագիծը, որով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարներից 586,5 միլիոն դրամը կուղղվի ևս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման, որից 2585-ը՝ բարձրագույն ուսումնական հաստատության, 150-ը՝ միջին մասնագիտական հաստատությունների ուսանող են: 

Դումանյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948, իսկ փոխհատուցման չափը՝ 1 միլիարդ 463 միլիոն դրամ: 

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ երբ ուսանողը զորացրվում է, ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, և այդ պահին իր ուսումնառության մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցվում է: Նա տեղեկացրեց, որ այս գործընթացը կտևի մինչև 2022 թվականի զորացրման շրջանը:

  • Կիսվել: