չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կիսանախագահականը մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է. Փաշինյան

Կիսանախագահականը մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է. Փաշինյան

Կիսանախագահական համակարգը ՀՀ երրորդ Հանրապետության ամբողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է։ Դա գործնականում բոլորս իրար հետ տեսել ենք, եւ դա ապացուցված է: Այս մասին այսօր Կապանում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք ասում էին՝ արագ կիսանախագահական համակարգը պետք է վերականգնել, բացատրում էին՝  հին համակարգում լավ էր, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը՝ վարչապետի ձեռքը: Հենց պրոբլեմ  էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրեն գործից հանում էր, եւ բուֆեր էր առաջանում: Այս դեպքում ասում էին՝ ամբողջ պատասխանատվությունը քեզ վրա է, արագ այդ ամենը փոխի: Ես ասում էի, որ պետության իրական լիդերն ու ես անձամբ, իմ պատասխանատվությունը երբեք ուրիշի վրա չեմ գցի»:

Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանտվությունից: «Կիսանախագահական կառավարման համակարգն անպատասխանատու կառավարման համակարգ է։ Մենք պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական կամ ամբողջական նախագահական համակարգ։ Իմ կարծիքով մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք: Առնվազն այնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ այդ համակարգը խնդիր է: Իսկ Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումն այսօրվա քաղաքական իրողություններին: Նկատի ունեմ ժողովրդի իշխանություն, օրենքի գերակայություն»,-ասաց նա:

  • Կիսվել: