երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակում երկու անգամ շատ օրենքներ է ընդունել

Խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակում երկու անգամ շատ օրենքներ է ընդունել

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: 

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացնելով արդյունքները, նախ նշեց, որ 4-րդ նստաշրջանն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ իր գործունեության հինգ ամիսներից երեքն անցկացրել է արտակարգ դրության պայմաններում։

«Խորհրդարանն աշխատել է ֆորսմաժորային իրավիճակում, ինչն իր ազդեցությունն ունեցել է օրենսդրական գործընթացի վրա»,- ասաց Լուսինե Վասիլյանը։

Նա միաժամանակ նշեց, որ դրան զուգահեռ խորհրդարանն այդ ընթացքում երկու անգամ ավելի շատ օրենքներ է ընդունել, քան 3-րդ նստաշրջանի ժամանակ։

Մասնավորապես, եթե 3-րդ նստաշրջանում ընդունվել է 169 օրենք, ապա 4-րդ նստաշրջանում ընդունված օրենքների թիվը հասել է 345-ի, այսինքն՝ 2 անգամով ավելի:

Ըստ նրա, ընդունված օրենքների թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել նաև օբյեկտիվ պատճաով՝ արտակարգ դրությամբ։

Մոնիթորինգի ծրագրի ղեկավարի խոսքով, 4-րդ նստաշրջանը նմանվել է նախորդ գումարումների խորհրդարաններին, երբ օրենքների քննարկումներն ավելի շատ մեխանիկական գործընթաց են հիշեցրել:

Լուսինե Վասիլյանը նշեց նաև, նկատել են օրենքների քանակն արհեստականորեն ավելացնելու միտում։ «Գտել ենք մի շարք օրինագծեր, երն նույն խմբակցության երկու տարբեր պատգամավորներ նույն օրենքում փոփոխություններ են առաջարկում և դրանք քննարկվել են նույն լիագումար նիստերի ընթացքում»,- ասաց նա՝ հավելելով, որ դա նշանակում է՝ կազմակերպվածության խնդիր կա։  

Նա նաև ասաց, որ 2.5 անգամ աճել են Կառավարության ներկայացրած նախագծերը, բացի այդ, աճել են խորհրդարանական մեծամասնության հեղինակած նախագծերը։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցությունը նախորդ նստաշրջանի համեմատ 16%-ով ավելի շատ օրենքի նախագիծ է դրել շրջանառությունում, իսկ ընդդիմադիրները՝ 15%-ով պակաս.

«Այսինքն՝ օրակարգ չեն ընդգրկվում ընդդիմության նախաձեռնությունները»։

Լուսինե Վասիլյանը նաև ասաց, վերլուծությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ հատկապես 4-րդ նստաշրջանի ընթացքում ընդդիմության և մեծամասնության միջև համաձայնությունը նվազել է, հանդուրժողականությունը պակասել է, իսկ ընդհանուր աշխատանքի հնարավորությունները քչացել են:

Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը չհամաձայնեց այս մտքի հետ և հորդորեց խորհրդարանի քաղաքական մթնոլորտին այդպես վատ գույներով չնայել։

Նրա խոսքով, անկախ սուր ելույթներից, հանձնաժողովներում ու աշխատանքային փուլերում կառուցողական քննարկումներ են ընթանում և այնպես չէ, որ թշնամական մթնոլորտ է ու աշխատանքը կանգնել է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ քաղաքական պայքարը մի կողմ՝ մարդկային հարաբերությունները պետք է կարողանալ պահպանել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ իրականում ԱԺ-ում լարված մթնոլորտ է, բայց դա ունի իր պատճառները։

«Առաջին պատճառը քաղաքական մեծամասնության քաղաքական փորձի բացակայությունն է: Քիչ պատգամավորներ են, որ քաղաքական փորձ ունեն և դա է պատճառը, որ քաղաքական մակարդակից, լուծումներ գտնելու մակարդակից իջնում են անձնական վիրավորանքների մակարդակ»,- նշեց նա։

  • Կիսվել: