Խորհրդարանի ձևավորման գործընթացը պետք է հնարավորինս արագ ավարտել ու անցնել բուն աշխատանքներին. Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը պնդում է՝ Ազգային ժողովի ձևավորումը պետք է արագ ավարտել և անցնել բուն աշխատանքներին։
«Եթե այս բոլոր քննարկումները լինեին ժողովրդի կոնկրետ խնդիրների մասին, միանշանակ, եկեք մանրամասն քննարկենք։ Բայց եթե սա վերաբերում է կաթողիկոսի անունն այլ ձևով հնչեցնելուն և դրան հակադարձելուն, ես վստահ չեմ, որ դա մեր ժողովրդի պահանջն է այս ԱԺ-ից։ Իմ առաջարկն ընդամենը եղել է հնարավորինս արագ ավարտել խորհրդարանի ձևավորման գործընթացը, որովհետև սա միայն ձևավորման մասին է։ Արձակուրդ գնալու խնդիր այլևս չկա, որովհետև առաջիկայում լինելու է կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծը, դրանից հետո լինելու է կառավարության ծրագիրը։ Այսինքն՝ մինչև օգոստոսի վերջ նիստերը լինելու են այսպես, թե այնպես։ Դրանից հետո գալու է սեպտեմբերը, ու աշխատանքները բնական հունով շարունակվելու են։ Խնդիրն այն է, որ մենք արագ անցնենք բուն աշխատանքներին»,- ասել է նա։



