ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում առաջարկվել էր ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, բայց Փաշինյանն ու Ալիևը Սոչի են եկել Պրահայի փաստաթղթով. Լավրով

Խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում առաջարկվել էր ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, բայց Փաշինյանն ու Ալիևը Սոչի են եկել Պրահայի փաստաթղթով. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ապագային՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո կար ընկալում առ այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը կարելի է ապագային թողնել:

«Եվ ելնելով սրանից՝ Ռուսաստանը ձևակերպել է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվել է կողմերին: Դրանում այդ նախադասությունը ներառված էր: Ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է հավանություն տալ ամեն ինչին, բայց կարգավիճակի հարցը պետք է լրացուցիչ մշակել: Իսկ երբ հոկտեմբերի վերջին հանդիպեցին (ՌԴ նախագահը, ՀՀ վարչապետը, Ադրբեջանի նախագահը-Խմբ.) Սոչիում, մենք ցանկանում էինք վերադառնալ այս հարցին և փորձել հասկանալ՝ որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել այն ջենթլմենական հասկացության ընկալմամբ, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն, իսկ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային:

Բայց երբ նրանք՝ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը, եկան Սոչի, իրենց հետ Պրահայից բերել էին այն նույն փաստաթուղթը, ըստ որի՝ նրանք ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա Աթայի հռչակագրով: Իսկ ԱՊՀ ստեղծման մասին Ալմա Աթայի հռչակագրում ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ  պետությունների միջև եղած վարչական սահմանների վրա, ըստ որի՝ ԼՂ-ն Ադրբեջանի մասն է: Ուստիև, երբ մեր հայ գործընկերները մեզ ասում են՝ թող ՌԴ-ն հաստատի ԼՂ կարգավիճակի վերաբերյալ իր առաջարկները, ապա ինքներդ էլ եք հասկանում, որ սա բանակցությունների վարման օպերայից չէ, այլ ուրիշ օպերայից է», - ասել է Լավրովը:

  • Կիսվել: