ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաղաղության պայմանագիրը միջազգային պայմանագիր է, որ պետք է անցնի բոլոր ներպետական ընթացակարգերը․ մեկ օրվա ընթացքում ստորագրել, վավերացնել չի կարող լինել․ Վարդանյան

Խաղաղության պայմանագիրը միջազգային պայմանագիր է, որ պետք է անցնի բոլոր ներպետական ընթացակարգերը․ մեկ օրվա ընթացքում ստորագրել, վավերացնել չի կարող լինել․ Վարդանյան

Այս պահին գոյություն ունի մեկ  փաստաթուղթ՝ փաստաթղթի նախագիծ, որի մասին մենք բազմիցս խոսել ենք, որն արդեն 4 անգամ փոխանցել ենք միմյանց, այլ փաստաթուղթ իրականության մեջ գոյություն չունի։ Կա միայն մեկ փաստաթղթի նախագիծ՝ խաղաղության պայմանագրի նախագիծն է։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսպես պատասխանեց հարցին, թե երեկ մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ ռուսական պարբերականներից մեկը գրել էր, որ  հանդիպման արդյունքում ստորագրվելու է երկու փաստաթուղթ, լրագրողը հետաքրքրվեց, խոսքը խաղաղության պայմանագրի և կոմունիկացիների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթերի մասի՞ն էր։  

ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանն էլ նկատեց, որ շատ շրջանակների ձեռնտու է խաղաղության պայմանագրի կնքման շուրջ մանիպուլյացիա անել․ «2020-ի նոյեմբերի 9-ից հետո որոշ շրջանակների համար ձեռնտու է դարձել խոսել հապճեպ կնքվող փաստաթղթերի մասին, պետք է փարատեմ ձեր կասկածները։  Խաղաղության պայմանագիրը միջազգային պայմանագիր է, որ պետք է անցնի բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ բանակցությունների ընթացքում այդ փաստաթղթի  ստորագրում, վավերացում ուժի մեջ մտնել չի կարող  տեղի ունենալ․ դա գործընթաց է»։

Վարդանյանի խոսքով՝ պետք չէ համեմատել նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագրի հետ․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր ռազմական գործողությունների դադարեցմանը։ Սա այն փաստաթղթերից էր, որ պետք է անմիջապես ուժի մեջ մտներ, որովհետև, այսպես ասեմ՝ խոսքը վերաբերում էր զինադադարին»։ 

ՔՊ քարտուղարին հարց ուղղվեց՝ ինչպես կմեկնաբանի այն, որ Արցախից պարբերաբար բողոքի նոտաներ են հնչում իշխանության հայտարարությունների շուրջ՝ Արցախի հարցի վերաբերյալ․ «Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո։ Միջազգայնորեն ճանաչված ՀՀ-ն այս պահին առաջնորդվում է իր միջազգայնորեն ճանաչված՝ 29․800  ք/կմ տարածքի սուվերենության  պահպանմամբ և ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացմամբ»։ 

«Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խորացել է Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցային սեղանից Լեռնային Ղարաբաղին դուրս թողնելուց հետո։  Մենք հիմա փորձում ենք բանակցային սեղանին և Բաքվի հետ երկխոսության վերադարձնել Արցախի ներկայացուցիչներին, որտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց իրավունքներն այնպես, ինչպես իրենք պատկերացնում են»,-ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի ԱԺ պատգամավորը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ արցախցի գործընկերների հետ մշտական կապի մեջ են, նրանք տեղեկացված են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներից, տեղեկացված եղել և տեղեկացված են լինելու միշտ:

  • Կիսվել: