երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու․ Նաղդալյան

Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու․ Նաղդալյան

Ադրբեջանական կողմի հետ հանդիպում նախատեսված չէ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել:

«Ավելին, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով:

Այս ամենը, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից», - ասել է Աննա Նաղդալյանը։

Նա նշել է, թե Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին:

«Պարզապես մեկ պարզ դիտարկում անենք այս առնչությամբ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո», - ասել է Նաղդալյանը։

  • Կիսվել: