երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյանը՝ Տոկաևին

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյանը՝ Տոկաևին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն անդրադարձել ենք նաեւ Հարավային Կովկասում  անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված իրավիճակին: Այս մասին, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. «Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Դրանք են Ղազախստանի Ալմաթի քաղաքում 1991-ի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի հիմունքների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը եւ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության  հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների  հիման վրա:

Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում:

Ցանկանում եմ հավելել, որ մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության եւ անկախության վերաբերյալ, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են են ստեղծում վերը նշվածի ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար»:

  • Կիսվել: