կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խաչատուրյանն Իտալիայում է. հանդիպումներ կունենա նախագահ Սերջիո Մատարելլայի, երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ

Խաչատուրյանն Իտալիայում է. հանդիպումներ կունենա նախագահ Սերջիո Մատարելլայի, երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի բարձրարժեք մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել և նպաստել խոշոր կրոնամշակութային կենտրոնի գործունեության հանրահռչակմանն ու զարգացմանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ավանդույթ է դարձել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Իտալիա այցերի ընթացքում Վենետիկ այցելությունը, ինչը լավագույն առիթն է ևս մեկ անգամ արժևորելու Վենետիկում հայ ժողովրդի, և մասնավորապես՝ Մխիթարյան հայրերի անգերագնահատելի հոգևոր մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայերին և իտալացիներին, այլև համաշխարհային նշանակություն ունի։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է՝ նաև այս պատմամշակութային ժառանգության շնորհիվ է բյուրեղացել հայ-իտալական բարեկամությունը և նշանակալիորեն զարգացել երկու պետությունների միջև արդյունավետ ու բազմաշերտ համագործակցությունը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն։ ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ողջունելով նախագահին, նշել է, որ մեծ պատիվ է իր համար Վենետիկի ՀՀ պատվո հյուպատոսությունում հյուրընկալել նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հանդիպման ընթացքում հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահին է ներկայացրել հյուպատոսության օրակարգային հարցերն ու ծրագրերը:

Հուլիսի 23-26-ին Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Իտալիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է Վահագն Խաչատուրյանի մասնակցությունն Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի և Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council)՝ «Համաշխարհային առաջնորդներն այսօր. բազմակողմանիությունն ավելի լավ ապագայի համար» խորագիրը կրող միջոցառմանը:


 

  • Կիսվել: