ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Այսօր «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին: Այս մասին տեղեկանում ենք «Ազատ Դեմոկրատներ»-ի ֆեյսբուքյան էջից:

Հանդիպմանը մասնակցել են Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Մերի Ալեքսանդրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր՝ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, անվտանգության և տնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Դեսպան Թրեյսին իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ Ազատ Դեմոկրատների հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»։

Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը՝ Խաչատուր Քոքոբելյանը շեշտել է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Միացյալ Նահանգները երկստեք անելիքներ ունեն Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալն էապես մեծացնելու գործում, ինչն էլ հնարավորություն կտա տնտեսության և ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և զարգացման:

Խաչատուր Քոքոբելյանը նաև բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում, ինչպես նաև իր երախտագիտությունն է փոխանցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից օրերս ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ:

  • Կիսվել: