կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Կեղծ, արկածախնդրային և սուտ օրակարգ է. Մինասյանը` ԵՄ–ին անդամակցելու մասին

Կեղծ, արկածախնդրային և սուտ օրակարգ է. Մինասյանը` ԵՄ–ին անդամակցելու մասին

 Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները կեղծ, արկածախնդրային և սուտ օրակարգ ունեն։ Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
 
«Արկածախնդրային այս քաղաքականությունը, որը բերվում է օրակարգ, հասարակությունը պառակտելու հերթական քայլն է։ Արհեստական օրակարգ շրջանառելու փոխարեն իշխանությունները պետք է իրականացնեին և կյանքի կոչեին այն նախագծերն ու նախաձեռնությունները, որոնք դրվել են դեռևս 2017 թվականին ստորագրված ՀՀ–ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրում (CEPA agreement)»,– ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` այս փաստաթղթի իրականացումը նախատեսում է լայնածավալ աշխատանք և բարեփոխումներ բոլոր ոլորտներում։ Բացի այդ, փաստաթուղթը Հայաստանին աշխարհաքաղաքական ընտրության առաջ չի կանգնեցնում։
Արծվիկ Մինասյանը շեշտեց` փոխարենն իշխանությունները շրջանառության մեջ են դրել մի թեմա, որը ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում խիստ վտանգավոր է և կարող է ծանր հետևանքներ ունենալ, կարող են լարվածության և առճակատման նոր օջախներ ի հայտ գալ։
 
Խորհրդարանականը կարծում է, որ սա իրավական աբսուրդ է, ԱԺ–ի օրակարգ մտցված փաստաթուղթը օրենք չէ ու նման տեսքով այն որևէ չափանիշի չի համապատասխանում, որով կարող էր օրենք լինել։ Ըստ Մինասյանի` լավագույն դեպքում այն կարող էր հայտարարություն լինել։
 

  • Կիսվել: