կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կայացել է Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

Կայացել է Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նիստին մասնակցեցին մարզխորհրդի անդամները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը եւ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Նիստի օրակարգում քննարկվեց չորս հարց։ Օրակարգային առաջին հարցի՝ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 93,9 տոկոսով, կամ հավաքագրված գումարը կազմել է 2 միլիարդ 137 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 5 տոկոսով։

Օրակարգային երկրորդ հարցի՝ ՀՀ կառավարության կողմից մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։ Նա նշեց, որ 2021 թվականին մարզի համայնքներից Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 136 ծրագրային հայտ, որից հաստատվել է 115-ը՝ մոտ 7 միլիարդ դրամ նախնական արժեքով ։ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից անցկացված մշտադիտարկման համաձայն, ավարտվել է 77 ծրագիր, ընթացքում են գտնվում 35-ը, մի քանի ծրագրերի դեպքում մրցույթներ չեն հայտարարվել, մնացած ծրագրերը չեն իրականացվել տարբեր պատճառներով։Ավարտված ծրագրերից 6-ում արձանագրվել են շինարարական թերություններ, որոնք վերացման փուլում են։ՀՀ կառավարության տարբեր որոշումներով մարզի տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի համար հատկացվել է 2 միլիարդ 159 միլիոն 655 հազար դրամ։

Օրակարգային երրորդ հարցի ՝ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Նա նշեց, որ համավարակի սկզբից առ այսօր մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 12 հազար 687 դեպք, որոնցից 292-ն ավարտվել են մահացության ելքով։ 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ հիվանդանոցներում կորոնավիրուսի դեմ բուժվում են 48, տնային պայմաններում՝ 112 հիվանդ։ Վերջին մեկ ամսում հիվանդության օրական դեպքերը չեն գերազանցում 3-10- սահմանները, այն դեպքում, երբ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դրանք կազմել են 100-140 դեպք։

Դեկտեմբերի 29-ի դրությամբ համավարակի դեմ մեր մարզում պատվաստվել են 65.553 մարդ, կամ մարզի բնակչության 39,3 տոկոսը։ Պատվաստումների կատարողականը մարզում բավականին բարձր է պետական կառույցներում․ մարզպետարանի անձնակազմի աշխատակիցներից պատվաստվել են 96,7 տոկոսը, ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների 98 տոկոսը, բուժաշխատողների 97 տոկոսը եւ մանկավարժների 96 տոկոսը։

Պատվաստման գործընթացը բնակչության, տնտեսվարողներին եւ նրանց աշխատակիցներին առավել մատչելի եւ հասանելի դարձնելու համար ԱԱՊԿ օղակում ստեղծվել են շրջիկ պատվաստումային խմբեր։

Օրակարգային չորրորդ հարցի՝ մարզի խոշորացված համայնքներում առկա կազմակերպչական խնդիրների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ խոշորացված համայնքներում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո ի հայտ են եկել կազմակերպչական բնույթի եւ առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ, որոնց կարգավորման նպատակով մարզպետարանն ամենօրյա կապի մեջ է համայնքապետարանների աշխատակազմերի եւ ՀՀ ՏԿԵ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ։

Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը հորդորեց մարզխորհրդի անդամներին եւ մարզպետարանի ստորաբաժումների ղեկավարներին՝ գալիք տարեսկզբից հետեւողական աշխատանքով շտկել իրավիճակը եւ ամեն ինչ անել` զեկուցվող հարցերի շուրջ բավարար արդյունքներ ապահովելու համար։ Կարեն Սարգսյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց նիստի մասնակիցներին՝ ցանկանալով խաղաղ ու ստեղծագործ աշխատանքային տարի, նորանոր ձեռքբերումներ։

  • Կիսվել: