Կասկած չունեմ, որ մոտ ժամանակներս մեր քույրերն ու եղբայրները ոչ թե ականատեսը, այլ մասնակիցն ու իրագործողը կլինեն Հայաստանում վճռական գործողությունների. Մամիջանյան
Ըստ բոլոր հարցումների՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսը անհնար է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այստեղ հավաքվածները միայն փոքր մասն են մեր այն հայրենակիցների, որոնք այդ կարծիքին են: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, եթե մենք ուզում ենք շարունակել ունենալ Հայաստանի զինանշանով անձնագիր, եթե ուզում ենք հետագայում մեր զավակներին օրորոցայինը երգել հայերեն, այլ ոչ թե մուղամի տեսքով, եթե ուզում ենք՝ հայերենով ուսանեն մեր երեխաները դպրոցներում, ապա այս իշխանությունների հեռացումն այլընտրանք չունի:
Ես կասկած անգամ չունեմ, որ մոտ ժամանակներս մեր բոլոր քույրերն ու եղբայրները ոչ թե ականատես, այլ մասնակիցն ու իրագործողը կլինեն Հայաստանում վճռական գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխությունների՛՛:
Խոսելով Արցախի նոր իշխանությունների մասին՝ նա ասաց. ՛՛Ես կասկած անգամ չունեմ, որ Արցախում այս պահին ձեւավորվող իշխանությունները տեր կլինեն ինքնորոշման իրավունքի իրացմանը եւ մեր նվիրական պայքարի դրսեւորումներին՛՛: