երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կարևորը սեղանի շուրջ նստելն ու հարցերը քննարկելն է. Գրիգորյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Կարևորը սեղանի շուրջ նստելն ու հարցերը քննարկելն է. Գրիգորյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Երբ Անկարան հայտարարեց ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, դրական ազդակներ հղեց, Հայաստանն էլ դրական ազդակներին արձագանքեց: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ դեռեւս, ընդհանուր առմամբ, օրակարգ չկա: ՛՛Հիմնականը դեռ սեղանի շուրջ նստելու հարցն է՝ նստել սեղանի շուրջ, հասկանալ կողմերի դիրքորոշումները, հասկանալ՝ ինչպես կարգավորել հարաբերությունները՛՛,-ասաց նա՝ անդրադառնալով հայ-թուրքական սպասվող բանակցություններին։

՛՛Տեսնում ենք՝ տարածաշրջանում կան նման հնարավորություններ, օրինակ՝ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր բացումը, որը Հայաստանի եւ Թուրքիայի համար մեծ հնարավորութուններ է ստեղծում, տնտեսական փոխկախվածություն կստեղծի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՛՛,-հավելեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հարցին՝ ինչու՞ է թուրքական կողմն անընդհատ ասում, թե ինչ պետք է լինի, եւ Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, Գրիգորյանը պատասխանեց. ՛՛Թուրքական կողմը չի ասում՝ ինչ պետք է լինի, այլ հրապարակային հայտարարություններ է անում, եւ գրեթե բոլորին մենք արձագանքում ենք։ Այս պահին գտնում ենք, որ կարեւորը սեղանի շուրջ նստելն ու հարցերը քննարկելն է։ Մենք դեռ չենք նստել սեղանի շուրջ, որ հասկանանք՝ Թուրքիան ի՛նչ նկատի ունի, Հայաստանը՝ ինչ, ամեն մեկս անվտանգության մեր մարմիններում փորձում ենք վերլուծել այդ ամենը, բայց ավելի հեշտ տարբեր կա՝ նստել, խոսել, հասկանալ օրակարգերը՛՛։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Թուրքիան սպասվող բանակցություններում ներկայացնելու է Սերդար Քըլըչը։ ՀՀ հատուկ բանագնացը լինելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

  • Կիսվել: