Կարևոր մանրամասներ՝ ընդդիմադիր պատգամավորների և քաղաքացիների հանդիպումից
Այսօր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ԱԺ ընդդիմադիր երկու ֆրակցիաների պատգամավորների հետ միասին պատասխանելու են ժողովրդին հուզող հարցերին:
՛՛Հայաստան՛՛ դաշինքի ֆեյսբուքյան էջը հրապարակել է քննարկան մասնակիցների դիտարկումների առավել հետաքրքիր մանրամասները, որոնք ներկայացնում ենք ստորև.
՛՛- Արմեն Ռուստամյան, «Հայաստան» դաշինք

Արցախյան հարցում կան կարմիր գծեր, որոնց հատելն անընդունելի է մեզ համար։ Կան նախապայմաններ, առանց որոնց խնդրի հայանպաստ լուծումն անհնար է։

Նախ, Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի այն տրամաբանությամբ, որը նշված է Արցախի Սահմանադրության մեջ։

Երկրորդը, պետք է բացառվի Արցախի անկլավային իրավիճակը։ Եթե Հայաստանի հետ ցամաքային կապն ապահովված չլինի, ապա կրկին կկանգնենք Ղարաբաղում հայապահպանության խնդրի առջև։

Երրորդ, Արցախի անվտանգությունը պետք է ապահովեն Արցախի ուժերը՝ Հայաստանի մասնակցությամբ և ռուս խաղաղապահների անժամկետ ներկայությամբ։
- Թադևոս Ավետիսյան, «Հայաստան» դաշինք

Վերջին 4 տարվա ընթացքում նվազագույն սպառողական զամբյուղը գրեթե կրկնապատկվել է, իսկ կենսաթոշակների չափը աննշան է բարձրացվել։

Խնդրի լուծումը թոշակների և նպաստների ինդեքսավորումն է պետության կողմից։ Սակայն իշխող ուժը մի քանի անգամ մերժել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը՝ պատճառաբանելով հետպատերազմյան իրավիճակը, կորոնավիրուսը, փողի բացակայությունը և այլն։

Վերջին ամսվա ընթացքում ոստիկանները 3 մլրդ դրամի պարգևավճար են ստացել, իսկ այդ գումարով կարելի էր 10 տոկոսով բարձրացնել աղքատության նպաստի չափը։
- Տիգրան Աբրահամյան, «Պատիվ ունեմ» դաշինք

Արցախի մնացած տարածքները պահպանելու համար կարևոր են Պաշտպանության բանակի բարեփոխումները։ Կարևոր է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տնից զրկված մոտ 40 հազար մարդկանց կյանքն արագացված կարգով ապահովել հենց Արցախում։

Արմատական փոփոխության կարիք ունի Արցախի դեռևս 90-ական թվականներին ստեղծված պետական կառավարման համակարգը։ Անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի ու Արցախի համապատասխան մարմինների համագործակցության արդյունավետության մակարդակը, կան համակարգեր, որոնք առհասարակ չեն համագործակցում։

Հայաստանը ոչ միայն հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի դերից, այլ՝ առհասարակ հրաժարվել է նրանից։

Ադրբեջանի հետ հարաբերություններում օրակագային առաջնային հարցը պետք է լինի հայ գերիների վերադարձը։ Առանց այդ կետի իրականացման խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, տրամաբանական չէ։ Վերջին շրջանում գերիների վերադարձի հարցը իշխանության օրակարգից հանվել է։
- Սեյրան Օհանյան, «Հայաստան» դաշինք

ՀՀ իշխանությունները ոչ մի հետևություն չեն արել վերջին պատերազմից և մեր ունեցած կորուստներից։ Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա շարունակում են խրախուսել նահանջը։

Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման ներոք հայ ժողովրդին տանում են դեպի թրքացում։ Այդ պատճառով էլ շարժման կարգախոսն է․ «Ո՛չ Հայաստանի թրքացմանը, ո՛չ Արցախի հայաթափմանը»։

Հանրային ճնշումն է այն միակ միջոցը, որով մենք պետք է հասնենք հաջողության: Պայքարի մեկնարկից ի վեր հանրային ճնշումն ուժեղացել է, ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են միացել «Դիմադրության» շարժմանը։
- Իշխան Սաղաթելյան, «Հայաստան» դաշինք

Եթե չլիներ համաժողովրդական լայն ընդվզումն, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ զիջումների գնացած կլիներ։ Մենք խախտել ենք այն ժամանակացույցը, որով Փաշինյանը պատրաստվում էր հանձնել Արցախը, այդ թվում՝ Հայաստանից որոշ տարածքներ։

Ի՞նչ պետք է անենք․ բանաձևը պարզ է և հստակ՝ պահենք տեմպը, ավելացնենք ճնշումը, անհնազանդության ակցիաների և՛ քանակը, և՛ ծավալը։ Պայքարն այս տեմպով շարունակելու դեպքում կհասնենք հաջողության։

Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու», ինչպես Նիկոլն է ասում։ Բայց ովքեր գործել են դավաճանություն, դատարանի առջև պատասխան տալու են, վստահ եղեք։
- Արամ Վարդևանյան, «Հայաստան» դաշինք

Ո՞րն է այս պայքարի իմ մոտիվացիան։

Առաջինը՝ մեր հայրենակիցները։ Երկրորդը՝ պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի, մեր հող ու ջրի համար։

Երրորդը՝ ես գիտակցում եմ, որ ապրել, ապրում եմ և ապրելու եմ Հայաստանում, իմ երեխաներն ապրելու են Հայաստանում, և ես չեմ պատկերացնում Հայաստանն այնպիսին, ինչպիսին պատկերացնում է այս իշխանությունը։

Միանշանակ, գնալու եմ մինչև վերջ՛՛։