շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել․ Արմեն Գրիգորյան

Կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել․ Արմեն Գրիգորյան

Բոլոր մեղադրանքները, որ մեր հանդեպ ներկայացնում էին, հիմնականում կեղծ էին և որևէ հիմնավորում չունեն։ Նույնիսկ նրանք, որ բարձր ամբիոնից ամեն ինչ էին հայտարարում, պարզվեց՝ ընդամենը՝ 19 000 ձայն ունեն, և միֆ է իրենց ստեղծած կերպարը։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին և դիտարկմանը, թե իրենց մեղադրում էին բոլոր նախկին նախագահները՝ ասելով ազգակործան պատուհաս, դավաճան կապիտուլյանտ։

«Այդ մարդիկ ինչ մեղադրանք մեզ ներկայացնում էին, մեծ մասին հասցրել ենք պատասխանել։ Ժողովրդի ընտրությունների գնահատականը ցույց է տալիս, թե ով  ինչպիսի դիրք ունի, և ով է կապիտուլյանտը, ով է մեղավորը, ով է իսկապես հողեր հանձնող։ Ինչ մեղադրանք իրենք մեզ ներկայացնում են, այդ մեղադրանքները հիմա հստակ կարելի է իրենց վերագրել»,-ասել է նա։

Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը մեղադրում են իշխանությանը՝ նշելով, թե զանգվածային ընտրակեղծիքներ են եղել, Գրիգորյանն արձագանքել է, թե այդ մարդիկ իրենց փորձից ելնելով են ինչ-որ բաներ հայտարարում։ «Որտե՞ղ են փաստերը, որ մենք ընտրություններ ենք կեղծել»,-նշել է նա։

Նա նշել է, որ իրենք համարում են, որ այն քաղաքական ուժերի հետ,  որոնք չեն անցել խորհրդարան, բայց ձայներ են հավաքել, կարելի է երկխոսել, տեսնել՝ որտեղ կարելի է համագործակցություն ունենալ։ Հարցին՝ գործնականում այդ համագործակցությունն ինչ տեսք է ունենալու, հնարավո՞ր է՝ նրանց պաշտոններ առաջարկվեն գործադիրում, Գրիգորյանն արձագանքել է, թե այս պահին որևէ բան չի կարող ասել, բայց դա կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ պաշտոնից մինչև համատեղ քաղաքականության մշակման գործընթացում ներգրավվածություն։

«Ես կարծում եմ, որ այս ընտրություններով կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել»,-ասել է նա։ Հարցին՝ ինչո՞ւ է այդպես մտածում, Գրիգորյանն արձագանքել է․ «Որովհետև որևէ լուրջ քաղաքական դերակատարություն չեն կարող ունենալ, իրենք էլ չեն ուզում միջին դերակատարում ունենալ, և դրանով կարելի է համարել փակված»,-ասել է նա։ 

  • Կիսվել: