ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Կառավարությունը շարունակելու է սվիններով ընդունել առաջարկները, և քաղհասարակության հետ բանավեճով սվինները պետք է իջնեն. Փաշինյան

Կառավարությունը շարունակելու է սվիններով ընդունել առաջարկները, և քաղհասարակության հետ բանավեճով սվինները պետք է իջնեն. Փաշինյան

Իմ ականջն ուղղակի ծակեց հետևյալ արտահայտությունը, որ Կառավարության շատ ինստիտուտներ դեռևս սվիններով են ընդունում առաջարկները: Ես հասկանում եմ այդ շեշտադրումը, բայց համաձայն չեմ, որ Կառավարությունը կամազուրկ, ամորֆ մի մարմին է, որն ինչ քաղաքացիական հասարակությունն ասաց, հլու պետք է կատարի: Եկեք ուրեմն դերերով փոխվենք: Դուք կառավարեք, մենք էլ գանք, առաջարկներ ներկայացնենք: Բայց ես չեմ էլ ասում, որ Կառավարությունը պետք է ամեն ինչ մերժի: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ:

Պետք է տեղի ունենա բանավեճ, որովհետև, ըստ Փաշինյանի, այն, ինչ ընդունվում է առանց բանավեճի, ի սկզբանե սխալ է, անարժեք է, և նույնիսկ ամենափայլուն գաղափարը պետք է անցնի բանավեճի միջով, որպեսզի ստանա գործնական գերազանցություն:

«Կառավարությունը շարունակելու է սվիններով ընդունել [առաջարկները], և քաղաքացիական հասարակության հետ բանավեճով այդ սվինները պետք է իջնեն, պետք է խոնարհվեն, որովհետև պետությունը բարդ համակարգ է, պետությունը պետք է նաև ինքնաիմունային համակարգեր ունենա:

Պատկերավոր ասած՝ այսօր ամենալավ բովանդակությամբ ֆայլերի հետ էլեկտրոնային փոստով գալիս են վիրուսներ, որոնք համակարգեր են շարքից դուրս բերում: Դրա համար պետք է ամեն ինչ ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, պետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ապահովելը՝ միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որոնք ընդունել ենք, այդ թվում՝ ԵՄ-ի հետ համագործակցության տրամաբանության մեջ»,- ասաց նա:

  • Կիսվել: