ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կառավարությունը մերժեց մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները նվազեցնելու ընդդիմադիր պատգամավորի նախագիծը

Կառավարությունը մերժեց մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները նվազեցնելու ընդդիմադիր պատգամավորի նախագիծը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն չտվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, ով առաջարկում էր լրացում կատարել «Գնումների մասին» օրենքում եւ նվազեցնել կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները:

ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Կարծում ենք, որ նախաձեռնությունը խախտում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը, իսկ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից միանգամայն ընդունելի համարվող մեկ անձից գնումներ կատարելու կառուցակարգերի սահմանափակման նպատակադրումն անհրաժեշտ է իրացնել համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակում՝ զերծ մնալով հատվածական և չհիմնավորված լուծումներից։

Ուստի գտնում ենք, որ պետության այն լիազորությունների սահմանափակումը, որոնք կարող են կապված լինել պետության այնպիսի պոզիտիվ պարտականությունների իրականացման հետ, ինչպիսիք են, օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով ամրագրված անձի կյանքի իրավունքի պաշտպանությունը, կամ հասարակության անվտանգության և առողջության ապահովումը, չեն կարող կամայական սահմանափակվել, օրինակ՝ գնումների համակարգում ստվերային, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ»:

Հիշեցնենք, որ վերջին երեք տարիներին պետական համակարգում մեկ անձից գնումների ծավալն աննախադեպ աճել է՝ կազմելով պետական գնումների գրեթե կեսը:

  • Կիսվել: