երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կառավարությունը 1.3 մլն դրամ աշխատավարձ ստացող ՍԴ դատավորներին ամսական ևս 150-510 հազար դրամի ստաժային հավելավճար կտա

Կառավարությունը 1.3 մլն դրամ աշխատավարձ ստացող ՍԴ դատավորներին ամսական ևս 150-510 հազար դրամի ստաժային հավելավճար կտա

«Առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հաշվի առնելով այն, որ ՍԴ դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին»,- ԱԺ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ զեկուցելով ՍԴ դատավորների վարձատրությունը բարձրացնելու մասին նախագիծը:

Նա հայտնեց, որ նախագծով առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար:

«ՍԴ դատավորների՝ 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար և սահմանվում է աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման 2-րդ տարվանից, 2-րդ տարում՝ 20 %, 3-րդում՝ 35 %, 4-րդ տարվանից յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 %-ով ավելի»,- հայտնեց Գալյանը:

Նրա խոսքով՝ հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները ՝ ՍԴ դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահը։  

Նախարարը նաև նշեց, որ 2026թ-ի համար ՍԴ նախագահին, փոխնախագահին և 7 դատավորներին վճարվելիք հավելավճարի մասով մախատեսվում է մոտ 47 մլն  դրամ:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին՝ Գալյանն ասաց.  «Հավելավճարի հաշվարկման կարգի հետ կապված, եթե 10 %-ների մասին եք հարցնում, ապա 4-րդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր տարվա համար 10 % է հաշվարկվելու:

Կարող եմ տարեկան կտրվածքով ասել, որ, օրինակ, ՍԴ դատավորի պարագայում ամսական հարկված 1 մլն 284 հազար 384 դրամի աշխատավարձ է տարեկան 15.4 մլն դրամը, առաջարկվող լրացման ուժով հավելավճարն ապրիլից կկազմի 150-510 հազար դրամ՝ կախված ստաժի քանակից»:

  • Կիսվել: