Կառավարությունն ՀԿ-ներին առաջարկում է աշխատել թափանցիկ
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը դրական եզրակացություն ստացավ: Այս նախաձեռնությամբ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է, որ Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպությունները ամեն տարի պետք է տեղեկություն տրամադրեն իրենց անդամների քանակի և ֆինանսավորման աղբյուրների մասին:
Նախագիծը ներկայացնելիս ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ եթե տեղեկությունը ներկայացվի ուշացումով կամ հստակ չլինի կամ էլ չհամապատասխանի գործունեությանը, ապա տվյալ հասարակական կազմակերպությունը ստիպված կլինի 50 հազար դրամի չափով տուգանք վճարել:
ՀԿ-ն նաև ստիպված կլինի ներկայացնել անուններ և պաշտոններ: ԱԺ բոլոր խմբակցությունները մտահոգություններ ունեին օրինագծի առնչությամբ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, մասնավորապես, մտահոգություն հայտնեց, որ իշխանությունները փաստացի փորձում են վերահսկել հանրապետությունում ՀԿ-ների գործունեությունը՝ այդպիսով ազդելով նրանց ազատ գործունեության վրա:
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք ՊԵԿ-ը պատրաստվում է ուսումնասիրել ՀԿ-ների գործունեությունը ոչ միայն նոր օրենսդրական փոփոխության ընդունման պահից, այլ նաև երկրի տարածքում դրանց գործունեության ամբողջ ընթացքում: Ի պատասխան ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ օրենքը հետադարձ ուժ չունի: