չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարությանը հնարավորություն կտրվի հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան

Կառավարությանը հնարավորություն կտրվի հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

Ըստ նրա, ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը։

«Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչը առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում, որի գործընթացում իրականացվող կարևոր միջացառումների շարքում  էական դեր ունի Հանրապետութան տնտեսության զորահավաքային պլանը»,- ասաց Գաբրիել Բալայանը։

Փոխնախարարը նշեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Ըստ նրա, օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։

 «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը նշեց, որ 2015 թվականին ՀՀ Սահմանադրության փոփոխմամբ ստեղծվել էր օրենսդրական բաց:

Ըստ նրա, նախկին Սահմանադրությամբ զորահավաքային պլաններով նախատեսված տարբեր աշխատանքները, պլանները և կարգերը հաստատվում էին ՀՀ նախագահի համանագրերով, մինչդեռ գործող Սահմանադրությամբ այդ հարցերը նրա իրավասություններից դուրս են: Ուստի, ըստ նրա, պետք է զորահավաքային պլանը համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին։

Հանձանժողովը միաձայն հաստատեց օրենքի նախագիծը։

  • Կիսվել: