երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Հայկական գինին՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Հայկական գինին՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Գինու հնագույն բնօրրաններից մեկը՝ Հայաստանը, աշխարհին պատմելու շատ բան ունի։ Բայց Հայաստանն այսօր պետք է բացահայտել ոչ միայն իր հազարամյա պատմության ու գինեգործական ժառանգության, այլև որպես ժամանակակից, զարգացող և ինքնատիպ գինեգործական ուղղություն։

Հենց այս գաղափարի շուրջ Armenia Wine ընկերությունն այս տարի համախմբեց ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների և գինեգործական ոլորտի ներկայացուցիչներին՝ նախաձեռնելով աշխատանքային այցեր Հայաստան։ Նպատակը մեկն էր՝ հնարավորություն տալ նրանց հայկական գինին բացահայտելու հենց այնտեղ, որտեղ այն ծնվում է՝ խաղողի այգիներում ու գինեգործարաններում, հայկական տերուարում և հայ մարդու առօրյայում:

Նախորդ ամիսների ընթացքում Հայաստան այցելեցին La Revue du Vin de France, Terre de Vins, Les Echos, Paris Match, Le Figaro Vin, Le Monde, Vigneron պարբերականների լրագրողներ, ինչպես նաև Ֆրանսիայի սոմելյեների միության՝ Union de la Sommellerie Française (UDSF) նախագահ Ֆաբրիս Սոմիեն և այլ ներկայացուցիչներ։

Այցելությունների ընթացքում գինու ոլորտի մեդիա առաջատարները ծանոթացան հայկական գինեգործության տարբեր շերտերին ու ժամանակագրությանը՝ Արենի-1 քարանձավից և հազարամյակների պատմությունից մինչև ներկայիս խաղողի այգիները, տեղական խաղողի սորտերը, հայկական տերուարի առանձնահատկություններն ու գինեգործների նոր սերունդը։

Այս ճանապարհորդությունների առանցքում հայկական գինուն արժանի համբավ ձևավորելու գաղափարն է՝ անցյալի և ներկայի երկխոսության միջոցով։ Մի կողմից՝ հազարամյակների գինեգործական մշակույթ, մյուս կողմից՝ նոր մոտեցումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և միջազգային գինու աշխարհում սեփական ձեռագիրն ու տեղը ձևավորելու ձգտում։

Նախաձեռնությունն արդեն տվել է իր կարևոր արդյունքները։ Հայաստանին և հայկական գինեգործությանը նվիրված հրապարակումներ են հայտնվել ֆրանսիական հեղինակավոր La Revue du Vin de France, Les Echos և Le Figaro Vin հարթակներում՝ անդրադառնալով Հայաստանի գինեգործական վերածննդին և միջազգային ասպարեզ վերադառնալուն։ Այլ հրապարակումներ ևս սպասվում են առաջիկայում։

Armenia Wine ընկերության այս նախաձեռնությունը հայկական գինու միջազգային ճանաչելիության բարձրացմանն ուղղված երկարաժամկետ աշխատանքի մի մասն է։  Միջազգային լրագրողների այցերը հնարավորություն են ստեղծում հայկական գինեգործության մասին խոսել ոչ միայն Հայաստանից, այլև Հայաստանի սահմաններից դուրս՝ այն մարդկանց միջոցով, որոնք ձևավորում են գինու մասին միջազգային մեդիա օրակարգն ու մասնագիտական խոսույթը։

Եվ եթե հայկական գինու պատմությունը սկսվել է հազարամյակներ առաջ, ապա այսօր այդ պատմության նոր գլուխն է գրվում:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1261581

  • Կիսվել: