ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը․ հայտարարություն

Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը․ հայտարարություն

2023 թ. մայիսի 20-ին Կոռնիձորում կայացած հանրահավաքի մասնակիցների ուղերձը, որում, մասնավորապես, ասված է․

«Մենք՝ Արցախի եւ արցախահայության զորակցության հանրահավաքի մասնակիցներս հայտարարում ենք, որ՝

 - հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները եւ բեկում մտցնելու վիճակի մեջ.

 - հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար.

 - Արցախի ազատության եւ ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի.

 - Արցախի ինքնիշխանության եւ արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված  ռազմավարական ծրագրի մշակումը եւ գործադրումը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պարտավորությունն է.

 - Հայաստանի որեւէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռդակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են.

 - Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում.

 - Իրական եւ երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը.

 - Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.

 - Որպես արժանապատիվ եւ հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք եւ ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։

Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։

Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»։

  • Կիսվել: