երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Երեկ հայտնի հանգամանքների բերումով քննարկումը մի տեսակ կիսատ ստացվեց, և ես ուզում եմ ընդունել իմ մեղքը. ըստ ամենայնի, տարիքն իրենն ասում է, և ես լրացուցիչ իմ կոմունիկացիոն հմտությունների վրա աշխատելու անհրաժեշտություն ունեմ: Այդ մասին եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին:

«Երեկ ես ընդամենը ուզում էի ասել, խնդրում եմ՝ այս մեկը բաշխեք, էլի (դիմում է ընդդիմությանը-խմբ.), որ, հաշվի առնելով ընդդիմության զգայունությունները, չեմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան,- ասաց Փաշինյանը, որից հետո ընդդիմադիրները, ի նշան բողոքի, կրկին հարվածեցին սեղանին, ապա շարունակեց.- Այսինքն՝ ոչ թե ասում եմ, այլ չեմ ասում: Այս մարդիկ թողեցին, նեղացան, գնացին... Բայց ես իրենց չեմ մեղադրում, ես, ըստ ամենայնի, իմ միտքը լավ չձևակերպեցի:

Անկեղծ ասեմ, Ռուբեն Ռուբինյանը վկա. այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ՝ Գարեգին Բ, մեկ էլ ասում եմ՝ կարող է ՔՊ-ն սկսի, («...և վստահաբար կսկսի,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը – խմբ.), ուզում էի ասել՝ «Գարեգին Բ» («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ ի նշան բողոքի, հարվածեցին սեղաններին-խմբ.) կամ ուրիշ, այլ ձևակերպումներ, որ ասեի՝ հարգելի՛ ընդդիմություն, որպես կարմիր գորգ՝ այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ, վերադարձե՛ք խորհրդարան: Էլ չթողեցին, որ ասեմ, դա էլ չթողեցին, որ ասեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե իշխանությունը լեգիտիմ չէ, Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց և հեղափոխություն անել, եթե համաձայն չէ գործող իշխանության հետ, կամ եթե լեգիտիմ չէ:

«Լեգիտիմության խնդիր այս մարդիկ ունեն, իրենք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրենք հասկանում են՝ տնվոր են՝ գործուղված ինչ-որ միսիայի համար: Իրադարձությունն արագ է զարգանում, չի գալիս հանձնարարականը՝ ինչ անեն, չեն կողմնորոշվում, գնում են-գալիս են: Բայց սա իրենց պրոբլեմը չէ, մեր պրոբլեմն է, սա ՀՀ պրոբլեմն է: Կարծում եմ՝ սա է ընտրությունը՝ կա՛մ մանդատները վայր դրեք և զվաղվեք հեղափոխությամբ, կա՛մ եկե՞լ եք, նստե՛ք, աշխատե՛ք: Չեմ կարծում՝ ամեն բառի վրա նեղանալ-գնալն ուժեղության նշան է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ օգոստոսի 24-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին դիմեցին ավազանի անունով, ինչը ընդդիմադիր պատգամավորների բողոքի պատճառ դարձավ։ Նրանք, ի նշան բողոքի, հարվածեցին սեղաններին, ապա լքեցին դահլիճը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իշխանության «մեծագույն ցանկությունն է», որպեսզի «լիարժեք և լիաթոք» հնարավորություն լինի Գարեգին Բ-ին դիմելու «Ամենայն Հայոց Կաթողիկոս» անվամբ։

  • Կիսվել: