երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Փաշինյանը՝ Մարուքյանին

Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Փաշինյանը՝ Մարուքյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում խամաճիկային իշխանություն կամ անիշխանություն ձևավորելու միտում է տեսնում իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մոտ: 

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու հրաժարական չի ներկայացնում այն դեպքում, երբ իր հրաժարականն են պահանջում Հայաստանի Հանրապետության բոլոր չորս նախագահները, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ընդդիմադիր քաղաքական ուժերը, մտավորականների ու մշակութային գործիչների մի մասը և այլոք:

«Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Անընդհատ առաջարկում են սցենարներ` ժողովրդին անվերադարձ դուրս թողնելու քաղաքական գործընթացից: Առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն, որովհետև առաջարկում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, հենարան խորհրդարանում, չունի հեռանկար ստանալու ժողովրդի աջակցությունը, որովհետև պայման է դրվում, որ նա չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին: Այդ դեպքում իշխանությունը պատկանելու է նրան բերած ուժերին: Այդ մեկ տարվա ընթացքում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ իր հրաժարականը պահանջողներն այն մարդիկ են, որոնք 2018թ. հունիսից արդեն իր հրաժարականն էին պահանջում և հիմա ուղղակի առիթ է, որ այդ պահանջը բարձրաձայնվի:

  • Կիսվել: