Իշխանությունները ունեն միտում պառակտելու Սփյուռքը. Հակոբ Տեր-Խաչատուրյան
Արցախը վիրավոր է, և մենք գիտակցում ենք՝ այս երկու տարիները բավականին բարդ ժամանակաշրջան են: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
«Եռատոնը մեզ համար խորհրդանշում է այն վճռականությունը, որն ունի հայ ժողովուրդը, իսկ Արցախը այդ իրավունքի պաշտպանության առաջին գծում է: Այս օրը մեր վճռականության վերականգնման օրն է, և մենք՝ որպես Հայ Հեղափոխական Դաշնակցություն պատրաստ ենք այնպես անել, որ Արցախը լինի հայկական և երբեք չլինի Ադրբեջանի կազմում»,- ասաց Խաչատուրյանը:
Նրա խոսքով՝ ՀՅ Դաշնակցությունը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Արցախի ժողովուրդը իրեն չզգա միայնակ. «Արցախը մեզ համար աննահանջելի կետ է, մենք որևէ կերպ չենք կարող հաշտվել այս իրավիճակի հետ, պատերազմը դեռ շարունակվում է»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության կողմից իրականացվող դիմադրության հանրահավաքներին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ասաց, որ իշխանությունը պետք է անցնցում հեռանա. «Իշխանությունը ասում է, որ ստացել է մանդատ բանակցությունները այս կերպով վարելու համար, բայց իրականությունն այլ է. ոչ ոք իրենց չի տվել մանդատ երկիրը տանելու նոր պարտության»,- նշեց Հ. Տեր-Խաչատուրյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Տեր-Խաչատուրյանը ասաց, որ իրենք ևս կողմնակից են հայ-թուրքական հարաբերությունները նորմալ լինեն, բայց դա չի նշանակում, որ իրենք կողմնակից են հայ-թուրքական հաշտեցման:
«Հաշտեցման գործընթացը կենթադրի Թուրքական նախապայմանների ընդունում: Թուրքիան միշտ խանգարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ հայկական կողմը նախկինում գնացել է բանակցությունների առանց նախապայմանների»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Ըստ Խաչատուրյանի՝ իշխանությունը ունի միտում պառակտելու Սփյուռքը: Ըստ նրա՝ իշխանությունները ամեն ինչ անում են՝ Սփյուռքը պառակտելու համար, բայց այս իշխանությունների առաջացրած խոչընդոտները որևէ հաջողություն չեն ունենա: Հաջորդ քայլը, ըստ Տեր-Խաչատուրյանը, պայքարն է հանուն Արցախի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացման հստակ ձեռնարկների կանխարգելումն է: