երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իշխանությունները իրենց հայտարարություններով, գործողություններով ակտիվ են պահում Վանեցյանի գործոնը. Քաղաքագետ

Իշխանությունները իրենց հայտարարություններով, գործողություններով ակտիվ են պահում Վանեցյանի գործոնը. Քաղաքագետ

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը չունի հիմքեր պնդելու, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հեղշրջման փորձ է իրականացվել, ինչի հիման վրա վարչապետը պահանջել է նրան հրաժարական տալ:

«Եկեք խոսենք փաստերով, որտե՞ղ են փաստերը: Ես չունեմ հիմքեր նման պնդում անելու», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Նշենք, որ օրերս «Հայկական ժամանակ» թերթը, որի նախկին խմբագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, գրել էր, որ իրենց «…ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»:

Հիմնվելով այս տեղեկության վրա ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը իր հարցազրույցում ասել էր, որ հրապարակված տեղեկության վրա հիմնվելով կարող է ենթադրել, որ Վանեցյանի կողմից երկրում հեղաշրջման փորձ է կատարվել: Վիգեն Հակոբյանի խոսքով, տարօրինակ է, որ լրատվամիջոցում այդ հրապարակումից անցել է մի քանի օր, բայց իրավապահները քայլեր չեն ձեռնարկել՝ պարզելու՝ արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները և պատասխանատվության եթարկելու կասկածվող անձանց:

«Ինձ համար դա տեղեկատվական արտահոսք էր, որը չուներ հեղինակ, չկային փաստեր, իսկ իրավապահներն էլ անտեսեցին: Վանեցյանն արձագանքեց դրան՝ նշելով, որ իր փաստաբանները դրանով զբաղվելու են, այսինքն՝ ստացվում է այնպես, որ Վանեցյանն է հետամուտ լինելու այդ հարցի լուծմանը: Ինքն է շահագրգիռ, որ ընթացք ստանա, հերքվի»,-նկատեց Հակոբյանը: Ինչ վերաբերում է այդ արտահոսքի հիման վրա պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը՝ հնարավոր հեղաշրջման փորձի մասին, քաղաքագետը նկատեց, որ գոնե այդ ժամանակաընթացքում հեղաշրջման փորձի հիմքեր չի նկատել:

«Ես մի բան գիտեմ՝ եթե ուժայինները փորձում են պետական հեղաշրջման փորձ անել, դրսերում, փողոցներում իշխանության խորքերում, ինչ-որ դրսևորում ունենում է: Ես իմ կյանքում նման շատ դեպքեր եմ տեսել և այդ փորձից կարող եմ ասել, որ հեղաշրջման փորձից առաջ որոշ տեղաշարժեր, նախանշաններ լինում են: Մթնոլորտ կար էդպիսի: Սակայն ես անալիզ եմ անում՝ մտաբերելով սեպտեմբերին Հայաստանում կատարվածը, այլ հարցեր էին քննարկվում՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա … դրա համար ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ օդում: Ինձ համար այդ ժամանակ որևէ լուրջ տեղաշարժեր, կադրային լուրջ փոփոխություններ չեն կատարվել, որի վրա ես վերլուծեմ ու ասեմ՝ հեղաշրջման փորձ է եղել», - ընդգծեց Վիգեն Հակոբյանը:

Ընդհանրապես, նրա կարծիքով, գործող իշխանությունները իրենց հայտարարություններով, գործողություններով, ինչպիսին օրինակ՝ ՀԺ-ում հրապարակված տեղեկությունն էր, Արթուր Վանեցյանի գործոնն ակտիվ են պահում: «Նրանք հայտարարություններ են անում, որի ենթատեքստից զգացվում ՝ Վանեցյանը իրենց համար վտանգավոր է: Դա զգում են բոլորը, նաև՝ հասարակությունը», - նշեց նա: Քաղաքագետի համար ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում տեղավորվելու հայտ է ներկայացնում, ինչը, նրա պնդմամբ, սկսվեց նրա հրաժարականի տեքստից և շարունակվում է մինչ այժմ:

  • Կիսվել: