Վոլգոգրադի մարզում ուկրաինական հարձակումից հետո հրդեհվել է Ռուսաստանում ցեմենտ արտադրող խոշորագույն ձեռնարկություններից մեկը
Սեպտեմբերի 15-ի գիշերը Վոլգոգրադի մարզի Միխայլովկա քաղաքում պայթյուններ են որոտացել Ռուսաստանի խոշորագույն ցեմենտի գործարաններից մեկի՝ «Սեբրյակովցեմենտի» տարածքում։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի հրապարակած ականատեսների կադրերում երևում է ձեռնարկության տարածքից բարձրացող ուժեղ ծուխը։
Մինչ այդ մարզում օդային տագնապ էր հայտարարվել անօդաչուների և հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով, ինչպես նաև երկնքում բազմիցս նկատվել էին ԱԹՍ-ների խմբեր։ Հրթիռային վտանգի ռեժիմը չեղարկվել է 27 րոպե անց՝ սեպտեմբերի 15-ին, Մոսկվայի ժամանակով 00:13-ին, իսկ անօդաչուների հարձակման սպառնալիքը՝ գրեթե 12 ժամ անց՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում։
Dnipro Osint-ի տվյալներով՝ պայթյունները որոտացել են թիվ 5 ցեմենտի վառարանի շրջանում, որը ձեռնարկության հիմնական տեխնոլոգիական գծերից մեկն է։ Ռուսական չաթերում հայտնում են, որ պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես չի հիշատակել Վոլգոգրադի մարզը գիշերային հարձակումների մասին իր ամփոփագրում։
«Սեբրյակովցեմենտի» կայքի տվյալներով՝ գործարանի հզորությունը տարեկան ավելի քան 4 միլիոն տոննա ցեմենտ և 3 միլիոն տոննա կլինկեր է, այնտեղ աշխատում է 1503 մարդ։ Ձեռնարկությունն արտադրում է ռուսական ցեմենտի մոտ 6%-ը։ Դրա արտադրանքն օգտագործվել է ենթակառուցվածքային խոշոր օբյեկտների կառուցման ժամանակ, ներառյալ Վոլժսկի և Կույբիշևի ՀԷԿ-երը, Բայկոնուր տիեզերակայանը և «Ատոմմաշ» գործարանը։



